Դիպլոմների հանձնման արարողություն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

Ապրիլի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի Շ․ Շահամիրյանի անվան դահլիճում հանդիսավոր պայմաններում մագիստրոսի կրթական ծրագրի «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)» և «Իրավագիտություն» (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտությունների գծով 16 շրջանավարտի շնորհվեցին ավարտական դիպլոմներ, որոնցից 7-ին՝ գերազանցության։
Հանդիսավոր արարողությանը ներկա էր Կրթահամալիրի ղեկավար կազմը, Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտի պետ Հ․ Ղազարյանը։
Շրջանավարտներին ողջունեց և դիպլոմները հանձնեց Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մուրադյանը, ով, շնորհավորելով ներկաներին, ՆԳՆ բարեփոխումների և նոր ձևավորված ուսումնական հաստատության առաքելության առիթով ընդգծեց գիտահետազոտական ուղղվածությամբ, գիտական նորույթ պարունակող մագիստրոսական թեզերի պատրաստման անհրաժեշտությունը։ Նա հույս հայտնեց, որ անվտանգության ծառայության և իրավագիտության մագիստրոսի որակավորում ստացած շրջանավարտներն ապագայում իրենց լավագույնս կդրսևորեն ՆԳՆ համակարգում։
Հարկ է հավելել, որ շրջանավարտներից մի քանիսը ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու աշխատակիցներ են և ուսումնառության տարիներին ձեռք բերած մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողություններն արդեն իսկ ծառայեցնում են իրենց առաքելությանն ու գերատեսչական նպատակների իրագործմանը։