Ապագային ընդառաջ
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում 2023 թվականի հունիսի 27-ը դրոշմվեց հիշվող ու տոնական օրերի ցանկում: Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման շրջանավարտներն այսօր ներկայացան կրթահամալիր՝ սպասված դիպլոմներն ստանալու և կյանքի նոր մարտահրավերներն ու նոր ուղին պատվով անցնելու միտումով:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, ղեկավար կազմը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, շրջանավարտները և վերջիններիս ծնողները:
Մ. Մուրադյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն օրինականության ամրապնդման գործում, և հավելեց, որ չսահմանափակվեն ստացած գիտելիքներով և համարձակ քայլերով շարժվեն առաջ:
Շրջանավարտները հիսունինն էին, նրանցից վեցը գերազանցության դիպլոմ ստացան:
Բացի այդ, սահմանված էր նաև 3 անվանակարգ, որոնցում որպես «Լավագույն ընթերցող» ճանաչվեց Ա.Ասլիկյանը, «Հասարակական միջոցառումներին ակտիվ մասնակցություն»` Ս.Ջավադյանը, «Ամենաբարձր առաջադիմություն»` Հ.Ալեքսանյանը, որն արարողության ավարտին շրջանավարտների անունից շնորհակալական խոսք հայտնեց կրթահամալիրի ղեկավարությանը և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին:
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր շրջանավարտներին մաղթում է բարի երթ և մասնագիտական մեծ վերելքներ: