Վերադառնալ
07.04.2022

Կրթահամալիրը հյուրընկալեց Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտներին

Կրթահամալիրը հյուրընկալեց Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան  թիվ 35 դպրոցի աշակերտներին

    Ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալեց Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտներին: Դպրոցականներին դիմավորեցին ուսումնամեթոդական և զարգացման ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Տ. Թևոսյանը և ՀՀ ոստիկանության թանգարանի առաջատար մասնագետ Դ. Հովսեփյանը:

Կրթահամալիրի առօրյային ծանոթացնելու նպատակով կազմակերպվեց շրջայց կրթահամալիրի տարածքում, հյուրերին  ծանոթացրին Կրթահամալիրի կառուցվածքին և այն ենթակառուցվածքներին, որտեղ իրականացվում է տարբեր կրթական ծրագրերով ուսուցման գործընթաց:

Աշակերտները ծանոթացան կրթահամալիրի լսարանային ֆոնդին, այցելեցին նաև հրաձգարան և հրաձգության համար նախատեսված հատուկ կահավորված լսարանը, և Կրթահամալիրի ոստիկանության տակտիկական և տեխնիկական առարկաների ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Մուրադյանը ծանոթացրեց աշակերտներին հրաձգության կանոններին և գործնական հրաձգության անցկացման, դրա վարման եղանակներին ու խնդիրներին:

Դպրոցականների հետ հանդիպեցին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդամները՝ ուսանողական խորհրդի նախագահ, ակադեմիայի անվճար ուսուցման առաջին կուրսի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Հ. Հարությունյանի գլխավորությամբ, և ներկայացրին ուսանողական խորհրդի գործունեությունը:

Վերջում աշակերտներն այցելեցին ՀՀ ոստիկանության պատմության թանգարան, որտեղ Դ. Հովսեփյանը մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ ոստիկանության անցած ուղին և ընթացիկ ձեռքբերումները: