Վերադառնալ
20.09.2022

Լույս է տեսել «ՀՀ քրեական իրավունք (Հատուկ մաս)» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել «ՀՀ քրեական իրավունք (Հատուկ մաս)» ուսումնական ձեռնարկը

    Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (Հատուկ մաս)» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որը հեղինակել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոսներ՝ ի.գ.թ., դոցենտ Դ.Ա. Թումասյանը և Կ.Հ. Հովհաննիսյանը: Ձեռնարկը գրախոսվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ. Գրիգորյանի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Մ. Խաչատրյանի կողմից:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված նոր ՀՀ քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից, սահմանել է ինչպես քրեական իրավունքին հայտնի, այնպես էլ նոր հանցագործություններ, իսկ առանձին հանցագործությունները բնութագրող նորմերը շարադրվել են նոր խմբագրությամբ կամ նոր հատկանիշներով: Ներկայացված ձեռնարկն առաջինն է Հայաստանում, որը վերաբերում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցագործություններին:

Ձեռնարկը նախատեսված է «ՀՀ քրեական իրավունք» դասընթացի դասավանդման համար: Այն բովանդակում է թեմաներ, որոնք անհրաժեշտ են ՀՀ քրեական իրավունքի Հատուկ մասի վերաբերյալ պատկերացում կազմելու և գիտելիք ստանալու համար: Ձեռնարկը կարող է օգտակար լինել դատական և իրավապահ մարմինների աշխատողների, փաստաբանների, իրավաբանական բուհերի և ֆակուլտետների դասախոսների, ասպիրանտների, ուսանողների, քրեաիրավական հարցերով հետաքրքրվող ցանկացած այլ անձանց համար:

Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, առաջին տեղակալ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մարկոսյանը, ակադեմիայի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ. Գրիգորյանը, ամբիոնի պետեր և այլ հրավիրյալ անձինք:

Հեղինակները մակագրեցին և նվիրեցին ձեռնարկի օրինակներ թե՛ ներկա գտնվողներին, թե՛ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գրադարանին: