Վերապատրաստման դասընթաց՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից
Նոյեմբերի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տասնութ ծառայող մասնակցեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում․ Ուժեղ կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացին։ Այն վարեցին Իսպանիայի ոստիկանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գիտությունների թեկնածու Անսելմո Դել Մորալ Տոռռեսը և Ռումինիայի ՆԳՆ ոստիկանական ակադեմիայի պրոֆեսոր, գիտությունների թեկնածու Սերջիու Ադրիան Վասիլեն։ Դասընթացը մեկնարկեց ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրի համակարգող Դավիթ Հարությունյանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանի բացման խոսքով։ Բանախոսները ներկայացրին իրենց ուսումնական հաստատություններում կիրառվող գիտելիքներն ու փորձառությունը հետևյալ թեմաների շուրջ՝ «Առաջնորդություն և մենեջմենթ», «Իրավապահ համակարգում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները», «Մարդկային ռեսուրսների և լոգիստիկ կառավարում»։ Անդրադարձ կատարվեց նաև իրավապահ համակարգի կրթական հաստատություններում կիրառվող ուսումնական ծրագրերին և մեթոդաբանությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին թեմաների շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Դասընթացի ավարտին մասնակիցներին վկայագրեր շնորհվեցին։