Վերադառնալ
24.05.2023

Միջազգային օպերատիվ հանդիպում Կրթահամալիրում

Միջազգային օպերատիվ հանդիպում Կրթահամալիրում

Մայիսի 23-ին և 24-ին  ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» ծրագրով աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր ընդլայնել Արևելյան գործընկերության երկրների ներգրավվածությունը միասնական գործողություններին և օպերացիաներին՝ Քրեական սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական բազմամասնագիտական հարթակի (EMPACT) շրջանակում։

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Եվրոպոլի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի ներկայացուցիչները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։

Հանդիպումը մեկնարկեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ․ Վարդանյանի ողջույնի խոսքով, որը, ընդգծելով հանցավորության դեմ պայքարի գործում ծրագրի կարևորությունն ու առանձնահատուկ դերը, վստահեցրեց, որ քննարկվող արդի թեմաներն արդյունավետ անդրադարձ են ունենալու Եվրոպոլի, ԵՄ և արևելյան գործընկերության երկրների ոստիկանական կառույցների փոխշահավետ համագործակցության վրա։

Ելույթով հանդես եկան ՀՀ ՆԳՆ, Իսպանիայի Թագավորության քաղաքացիական գվարդիայի, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժանդարմերիայի, Վրաստանի ՆԳՆ, Մոլդովայի և Ռումինիայի Հանրապետությունների ոստիկանական մարմինների ներկայացուցիչները։

Զեկույցների թեմաներն ընդգրկում էին տարբեր երկրների քրեական վիճակագրություններն ու կոնկրետ հանցագործությունների դեմ պայքարի մարտավարության համեմատական վերլուծությունները։ Առավել ընդգրկուն ներկայացվում էին տարբեր երկրներում կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի առանձնահատկությունները, հետխորհրդային երկրների տարածքում տեղ գտած «օրենքով գող» հասկացության իրավական սահմանումները, տվյալ համակարգի դեմ պայքարի իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումները։ Ելույթներ եղան նաև Եվրոպոլի տեղեկատվության փոխանակման SIENA համակարգի վերաբերյալ։

Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի տարածքով, այցելեցին փորձակայաններ և քրեագիտության  լսարաններ, մարզադահլիճներ, ապա ՀՀ ՆԳՆ թանգարանում ծանոթացան հայկական ոստիկանության պատմությանը։