Հայրենիքին ծառայելու երդումը պատմական Սարդարապատում
Հոկտեմբերի 2-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի 106 սովորողները երդվեցին հավատարիմ լինել սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքն ու օրինականությունը։
Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Ա.Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ.Մովսիսյանը, կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, ինչպես նաև Արմավիրի մարզպետ Հ․ Մաթևոսյանը և Արմավիրի քաղաքապետ Դ․ Խուդաթյանը, կրթահամալիրի ծառայողներն ու սովորողների հարազատները։
Նախքան հանդիսավոր արարողության մեկնարկը բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների և Արամ Մանուկյանի հուշարձաններին։
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորեց օրվա խորհուրդը, ընդգծեց երդման հանդիսավոր արարողության անցկացման վայրի պատմական նշանակությունը, ապա շնորհավորեց սովորողներին ոստիկանական մեծ ընտանիքի շարքերը համալրելու կապակցությամբ։
-Ձեզ համար անկյունաքարային սկզբունք սահմանեք՝ գիտելիք և մարդկային որակ։ Որպես կանոն՝ լավ մասնագետները նաև լավ մարդիկ են,- սովորողներին դիմեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ մեջ բերելով հայ մեծ բանաստեղծ Հ․ Թումանյանի խոսքերը․ «Լավագույն կոչումը Մարդն է»։
Կրթահամալիրի սովորողների հանդիսավոր երթով ու ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով ամփոփվեց երդման արարողությունը։