Նորություններ

Վերադառնալ
22.10.2018

Վարդագույն քաղաքը 2800 տարեկան է

Վարդագույն քաղաքը 2800 տարեկան է

Հոկտեմբերի 21-ին նշվեց Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Հռոմից էլ հին Երևանը՝ Էրեբունին, հին քաղաքակրթության հազվագյուտ բնակավայրերից է, որ ցայսօր ոչ միայն պահպանվել, այլև ավելի գեղեցկացել ու ամրացել է:

Զարմանալիորեն երկար պահպանված այս քաղաքը հոկտեմբերի 21-ին ընդունեց ամբողջ աշխարհի շնորհավորանքները, բնակիչների ջերմ ու անկեղծ բարեմաղթանքները: Այդ օրը, ինչպես ծննդյան արարողությանը պատրաստվող յուրաքանչյուր հոբելյար, նա էլ զարդարվել էր իրեն հատուկ կոլորիտային ու նրբաճաշակ գույներով: Մերթընդմերթ քաղաքի տեսարժան վայրերից լսելի էին տարատեսակ ոճի մեղեդիներ, քաղաքում տիրում էր ջերմությամբ լի եռուզեռ, մարդիկ ժպտադեմ շտապում էին վայելելու վարդագույն քաղաքի տոնական մթնոլորտը:

Փողոցներում քայլելն այդ օրը ոչ միայն հաճելի էր, այլև անվտանգ: ՀՀ ոստիկանության ծառայողները մեծագույն նվիրումով և  պատասխանատվությամբ էին պահպանում և հսկում քաղաքում տիրող հաճելի մթնոլորտը: Բարեխիղճ ծառայությամբ առանձնանում էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողները: Տոնական միջոցառմների  ընթացքում հասարակական կարգի պահպանումը հանձնարարված  էր նաև  ակադեմիայի և քոլեջի 100 սովորողների, ովքեր անշեղորեն կատարում էին իրենց առջև դրված խնդիրը կրթահամալիրի ծառայության բաժնի ողջ անձնակազմի հրամանատարության ներքո:

Նրանց շնորհիվ էր նաև, որ քաղաքացիներն իրենց զգում էին պաշտպանված, անվտանգ և անհոգ:

Շնորհավո ՜ ր տոնդ, վարդագույն մայրաքաղաք: