ԵՄ փորձագիտական առաքելությունն այցելել է ՆԳՆ կրթահամալիր

Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակում ապրիլի 10-ին ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությունը հանդիպում է ունեցել Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ղեկավար կազմի հետ։
Ողջունելով հյուրերին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանը կարևորել է վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը և պատրաստակամություն հայտնել ՆԳՆ կրթահամալիրի իրավասությունների շրջանակում նպաստել այդ գործընթացի իրականացմանը։
Մանուկ Մուրադյանը հյուրերին է ներկայացրել Կրթահամալիրի առաքելությունը, նպատակները, խնդիրները և ձեռքբերումները։
Ներկայացվել են նաև կազմակերպված հանցավորության, ֆինանսական, կոռուպցիոն հանցագործությունների, ատելության խոսքի, խոշտանգումների և խտրականության թեմաներին առնչվող կրթական ու Կրթահամալիրի վերապատրաստման ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել միջազգային համագործակցության շրջանակներում գիտագործնական համաժողովների անցկացմանը, ԵՄ իրավապահ մարմինների վերպատրաստման գործակալության (CEPOL) «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում վերապատրաստման և գործառնական փոխգործակցություն» (TOPCOP) ծրագրի շրջանակներում դասընթացներին, ՆԳՆ կրթահամալիրի կարողությունների հզորացմանը և այլն։
Մանուկ Մուրադյանը պատասխանել է ԵՄ փորձագետների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ոստիկանական կադրերի պատրաստմանը և վերապատրատմանը, կրթական ծրագրերի կառուցվածքին, դասավանդման առանձնահատկություններին ու մեթոդաբանությանը։
Հանդիպման ավարտին ԵՄ առաքելության փորձագետները շրջայց են կատարել ՆԳՆ կրթահամալիրի տարածքում։