ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
24.11.2026

Էքսկուրս-դաս և այցելություն ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանության պատմության թանգարան

Էքսկուրս-դաս և այցելություն ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանության պատմության թանգարան

   Սույն թվականի նոյեմբերի 17-20-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման  «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունների  1-ին կուրսի սովորողների 3 խմբերի, Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման  միջին մասնագիտական կրթության 1-ին կուրսի 2 խմբերի սովորողների հետ ՓԾ և ՃԿ ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի դասախոս Ա. Ալեքսանյանը և Կրթահամալիրի Ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ Դ. Հովսեփյանն իրականացրել են պատմության էքսկուրս-դաս և այցելություն Կրթահամալիրի ոստիկանության պատմության թանգարան։

  Թանգարան այցելելուց առաջ Կրթահամալիրի տարածքում սովորողների շրջայց կատարելու ընթացքում Դ. Հովսեփյանը և Ա. Ալեքսանյանը պատմական անդրադարձ են կատարել Կրթահամալիրի և ՀՀ ոստիկանության անցած ուղուն։ Մասնավորապես՝   ներկայացվել է Արամ Մանուկյանից մինչև մեր օրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետերի և ՆԳ նախարարների հակիրճ պատմությունը, Լորիս Մելիքովի և Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրիներն ու նրանց վերաբերյալ պատմությունները, ապա սովորողներին ներկայացվել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած և Սովետական Միության հերոս դարձած ՆԳ աշխատակիցներին նվիրված, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ և Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված ՆԳ աշխատողների հուշակոթողներին նվիրված պատմությունները։

   Այնուհետև սովորողներն այցելել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված՝ ՆԳՆ կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի սովորողների փառքի և Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշների անկյունը, որտեղ նրանց ներկայացվել է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

 Սովորողների շրջայցը եզրափակվել է Ոստիկանության պատմության թանգարանում։ Ցուցադրված ֆոնդերի շրջանակում Դ. Հովսեփյանը ներկայացրել է մ.թ. 367 թվականին Մեծ Հայքի արքա Արշակ Բ Արշակունու և Ոստանիկ Դրաստամատի ինքնասպանության դեպքը, ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի ձևավորման գործընթացը, Առաջին Հանրապետության կազմավորումը, սովետական միլիցիայի շրջանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո մինչև մեր օրերը տեղի ունեցած զարգացումները։ Դ․ Հովսեփյանն առանձնակի ուշադրություն է դարձրել ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների կողմից իրավակարգի ապահովման, հրդեհաշիջման և հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում իրականացված հայրենանվեր աշխատանքներին։  

 Սովորողները կարևորել են թանգարան այցելությունը և նշել, որ ՆԳՆ պատմության վերաբերյալ իրենց գիտելիքներն ամրապնդվեցին, ինչը նշանակալի դեր կունենա իրենց հետագա մասնագիտական գործունեությունը կազմակերպելու հարցում:

  Վերջում իրենց տպավորությունները գրանցել են Ոստիկանության պատմության թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում: