Վերադառնալ
24.12.2019

«Հավաքների ազատության օրենսդրական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» ֆիլմի շնորհանդեսը Կրթահամալիրում

«Հավաքների ազատության օրենսդրական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» ֆիլմի շնորհանդեսը Կրթահամալիրում

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ երկար սպասված «Հավաքների ազատության օրենսդրական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» ուսումնական ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և իրավական պետության հիմնարար արժեքներից մեկի՝ հավաքների ազատության իրավունքի մասին է, որում ներկայացված է հանրահավաքների անցկացման կարգի և պայմանների մասին։ Ուսումնական ֆիլմը մանրամասն պատմում է հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրության կարգավորման, հավաքների ընթացքում ոստիկանության կողմից հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նպատակով իրականացվող աշխատանքները, ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունն իրավախախտումը հայտնաբերելիս, ինչպես նաև փաստաթղթավորման առանձնահատկությունները: Հետաքրքրաշարժ  և ուսուցողական էր հատկապես այն հատվածը, երբ հենց ոստիկաններն էին բացատրում թե, ինչպես կարելի է հանարահավաք կազմակերպել առանց օրենքը խախտելու։

Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, Կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ռուսլան Մարանդյանը, Ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վլադիմիր Ավագիմյանը, Ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ամալյա Սաֆարյանը և Կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Տաթևիկ Թևոսյանը:

Հանդիսավոր ցուցադրությունից հետո ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը խոսեց ուսումնական ֆիլմի էական դերակատարության, առաջացած դժվարությունների և վեջնարդյունքի մասին` նշելով, որ ֆիլմը մեծ արձագանքի և հավանության է արժանացել բոլորի կողմից, և նմանատիպ ուսումնական բնույթ կրող ֆիլմերը շարունակական պետք է լինեն։ Ֆիլմի կարևորության մասին խոսեց նաև Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը՝ մասնավորապես նշելով, որ նմանատիպ ֆիլմերը կոչված են ուսումնական գործընթացներն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն։ Կրթահամալիրի պետը նաև բարձր գնահատեց ռեժիսորական աշխատանքը՝ ընդգծելով, որ ֆիլմը բավականին հետաքրքիր լուծումներով է նկարահանված։

Միջոցառման ավարտին Կրթահամալիրի պետը շնորհակալագիր հանձնեց ֆիլմի ռեժիսոր Արմեն Միրզոյանին՝ նորից համագործակցելու ակնկալիքով։