Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեց պետաիրավական առարկաների գիտական խմբակի նիստը
2018 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2018-2019 ուստարվա առաջին նիստը, որն անցկացվեց կլոր սեղան-քննարկման ձևաչափով: Քննարկումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեի 27-րդ տարեդարձին:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մանուկյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոստիկանության լեյտենանտ Մ. Խերանյանը:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ ՀՀ անկախացման պատմաիրավական ասպեկտները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ա. Սաֆարյանը: Նա անդրադարձավ անկախացման գործընթացի սահմանադրական նշանակությանը Հայաստանի Երրորդ Հանրապետության պետականաշինության տեսանկյունից, ընդգծեց նշված գործընթացում հանրաքվեի՝ որպես ժողովրդի կամքի անմիջական արտահայտման իրավական եղանակի կարևորությունը:
Այնուհետև «Հայաստանի անկախացման պատմական ասպեկտները» թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ պետաիրավական առարկաների գիտական խմբակի ավագ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի սովորող Մ. Հակոբյանը: Նա ներկայացրեց անկախացման գործընթացի պատմական նախադրյալները, վերլուծեց գործընթացի հասունացումը պայմանավորող գործոնների համալիրը:
Գիտական խմբակի անդամ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման բակալավրիատի 3-րդ կուրսի սովորող Ս. Մկրտչյանը ներկայացրեց «Հայաստանի անկախացման իրավական ասպեկտները» խորագրով գիտական զեկույց: Նա անդրադարձավ անկախացման իրավական հիմնախնդիրներին, ներկայացրեց անկախության հանրաքվեի կազմակերպման և անցկացման առանցքային հարցադրումները և դրա արդյունքների իրավական նշանակությունը:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զեկուցողներին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, կազմակերպվեց մտքերի փոխանակություն և միջոցառման արդյունքների քննարկում: