Վերադառնալ
14.09.2022

Գիտական խորհրդի 8-րդ նիստը

Գիտական խորհրդի 8-րդ նիստը

    Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2022 թվականի 8-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկմամբ գիտական խորհուրդը որոշեց հաստատել «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առաջին կուրսի սովորողների և ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած սովորողների ադապտացիայի հայեցակարգի նախագիծը»: Հայեցակարգի գործարկման արդյունքում այսուհետ որոշակիացված աշխատանքներ կիրականացվեն առաջին կուրս ընդունված սովորողների հետ, որպեսզի վերջիններս արագ ինտեգրվեն ուսումնական գործընթացին: Գիտական խորհուրդը որոշեց հաստատել ակադեմիայի և քոլեջի կողմից ներկայացված՝ ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակի 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի հավակնորդների թեկնածությունները: Արդյունքում ակադեմիայից գերազանց առաջադիմություն ունեցող 9 և քոլեջից գերազանց առաջադիմություն ունեցող 3 սովորող կստանան ՀՀ ոստիկանության պետի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակ:

Գիտական խորհրդին ի գիտություն ներկայացվեց կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի ամբիոնների 2021-2022 ուսումնական տարվա գիտական գործունեության և ամբիոններին կից գիտական խմբակների 2020-2021 ուստարվա գործունեության արդյունքների ամփոփումը, և լավագույն գիտական գործունեություն իրականացնող ամբիոն ճանաչվեց ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնը:

Գիտական խորհուրդը որոշում կայացրեց վերականգնել նախկինում անբավարար առաջադիմության կամ այլ պատճառով ուսումնառությունն ընդհատած 9 սովորողի, որոնցից 6-ը կվերականգնվեն վճարովի ուսուցման բակալավրի կրթական ծրագրում, երկու սովորող՝ վճարովի ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրում։ Գիտական խորհուրդը մեկ սովորողի համար որոշեց միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ հեռակա ուսուցման ֆակուլտետի համապատասխան կուրսում վերականգնվելու համար:

Նիստն ամփոփվեց ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր, ի.գ.թ. Գարիկ Մարտինի Խուդոյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ հարցի քննարկմամբ: Քվեարկության արդյունքում որոշվեց Գ. Խուդոյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար համապատասխան գրությամբ դիմել ՀՀ ԲՈԿ՝ դոցենտի գիտական կոչմանը համապատասխան դիպլոմ ամրագրելու համար: