Վերադառնալ
10.06.2022

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

        ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունիսի 10-ին կազմակերպվեց գիտագործնական համաժողով, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ նոր քրեական և քրեադատավարական օրենսդրությունը, նորույթներն ու իրավակիրառման հնարավոր խնդիրները: Համաժողովին մասնակցելու համար հրավիրվել էին ՀՀ տարբեր գերատեսչություններից մասնագետներ՝ իրավաբան գիտնականներ, իրավակիրառ պրակտիկ մասնագետներ, որոնք ներկայացնում էին ՀՀ դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ հակակոռուպցիոն ծառայությունը, ՀՀ ոստիկանության շտաբը և այլ կառույցներ: Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմի­նա­լիստիկայի ամբիոնից, Հայ-ռուսական համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնից, ՀՀ արդարադատության ակադեմիայից, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակա­դեմիայի քրեական իրավունքի և քրեա­բանության  և քրեական դատավարութ­յան ամբիոններից: Մասնակցում էին նաև ուսանողներ Հայաստանում ֆրանսիական համալսարանից, ՀՀ ոստիկանության կրթահամալիրից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և նշեց, որ համաժողովի թեման շատ արդիական է, հասարակության լայն շրջանակների կողմից այն տարբեր ընկալումներ ունի, և սույն համաժողովը ևս մեկ առիթ է լույս սփռելու բազմաթիվ մութ անկյունների վրա, որոնք ի հայտ են եկել օրենսդրության տվյալ ոլորտը կանոնակարգելիս կամ լրացնելիս: Մ. Մուրադյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին գիտագործնական համաժողովին մասնակցելու առաջարկը չմերժելու համար և մաղթեց արդյունավետ աշխատանքային օր:

Ընթացքում ծավալվեց գիտական արդյունավետ քննարկում, մասնակիցները զեկուցողներին ուղղեցին բազմաթիվ հարցեր՝ կապված ոլորտի նորմատիվ կարգավորումների հետ:

Համաժողովն ամփոփեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը՝ գիտական երկխոսությունը համարելով ստացված, և նշեց, որ նմանատիպ քննարկումները կարևոր են, քանի որ բազմաթիվ խնդրահարույց հարցերի տրվում են սպառիչ պատասխաններ: