Գիտական խորհրդի 2022 թվականի 2-րդ նիստը
Փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2022 թվականի 2-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման, քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում, որի արդյունքում ակադեմիայում և քոլեջում ամբիոնները Եզրափակիչ քննության հարցաշարում և տոմսերում չեն ընդգրկելու նախորդ կիսամյակի առարկայական նկարագրով նախատեսված թեմաներին վերաբերող հարցերը, եթե նախորդ կիսամյակում տվյալ դասընթացը (կրթական մոդուլը ավարտվել է ընթացիկ ստուգումով, ստուգարքով կամ դիֆերենցված ստուգարքով: Փոփոխություններ կատարվեցին «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորման նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգում լրացում կատարելու մասին կարգերում, որով սովորողն իր մոտ բջջային հեռախոս, այլ էլեկտրոնային սարքեր, տեխնիկական միջոցներ, ուսումնական նյութեր կամ ծածկագրեր ունենալ կամ դրանցից օգտվել չի կարող: Փոփոխություն կատարվեց նաև «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով պետական ամփոփիչ ատեստավորման (լրացուցիչ կրթական ծրագրով ամփոփիչ համալիր քննության) կարգում` որի համաձայն սովորողներին արգելվեց իրենց մոտ ունենալ բջջային հեռախոս, այլ էլեկտրոնային սարքեր, տեխնիկական միջոցներ, ուսումնական նյութեր կամ ծածկագրեր կամ օգտվել դրանցից պետական ատեստավորման քննության ընթացքում: Կրթահամալիրի գիտական խորհուրդը որոշեց ակադեմիայի 2022-2023 ուստարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի թիվը թողնել անփոփոխ և համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ ոստիկանության պետին: ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ ստացող սովորողներին 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակի տրամադրումը վերանայելու հարցի քննարկման արդյունքում որոշվեց ակադեմիայի 8 սովորողների մասով պահպանել կրթաթոշակը, քանի որ վերջիններս համապատասխանում էին սահմանված պահանջներին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2022-2026 թվականների զարգացման ռազմավարական պլանի նախագծի և դրանից բխող գործողությունների կատարման ժամանակացույցի հաստատման հարցի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ներկայացված նախագիծը:
Գիտական խորհրդի հաջորդ որոշմամբ հաստատվեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանի (2017-2021թթ.) գործողությունների կատարման ժամանակացույցից բխող 2021 թվականի ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Գիտական խորհրդի նիստն ամփոփվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր, ք.գ.թ. Մելանյա Խաչատուրի Դավթյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ հարցի քննարկմամբ:
Քվեարկության արդյունքում որոշվեց Մ.Դավթյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար համապատասխան գրությամբ դիմել ՀՀ ԲՈԿ՝ դոցենտի գիտական կոչմանը համապատասխան դիպլոմով ամրագրելու համար: