Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2025 թվականի 5-րդ նիստը: Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհրդը հաստատեց «Կուրսային աշխատանքի պատրաստման և պաշտպանության կարգ»-ի նախագիծը, որով այսուհետ կառաջնորդվեն փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումներին կից ամբիոնները, երբ սովորողներին կհատկացնեն կուրսային աշխատանքների թեմաները: Հաստատվեց նաև «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի սովորողներին անվանական կրթաթոշակների հատկացման կարգ»-ի նախագիծը, որով վերահաստատվեցին նախկինում գործող կարգի նորմերը՝ ՀՀ ՆԳ նախարարի անվան կրթաթոշակ հատկացնելու պայմանները և չափը:
Գիտական խորհրդի կողմից հաստատվեցին նաև «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի սովորողների գիտելիքների գնահատման ընթացակարգի և արդյունքների բողոքարկման կարգ»ի և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման կանոնակարգ»-ի նախագծերը, որոնք նախատեսված էին կրթահամալիրում կատարված փոփոխություններից հետո վերանայվող իրավական ակտերի շարքում:
Գիտական խորհուրդը հաստատեց նաև «ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի որակի ապահովման քաղաքականության» նախագիծը, որտեղ առաջարկվող փոփոխությունները բխում են ինստիտուցիոնալ պետական հավատարմագրման նպատակով կազմված փորձագիտական խմբի տված զեկույցի համապատասխան դիտողություններից: