ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2024 թվականի 4-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 5 սովորողի հատկացնել ՀՀ ՆԳՆ նախարարի կրթաթոշակ՝ հաշվի առնելով վերջիններիս գերազանց առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը և կարգապահությունը: Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին վերապատրաստման գործընթացի կազմակերպման կարգում, որի արդյունքում վերապատրաստման համար հատկացված համապատասխան ժամաքանակի կեսից ավելիին չմասնակցելու դեպքում վերապատրաստվողը կազատվի կրթահամալիրից, բայց հնարավորություն կունենա վերապատրաստման մասնակցել հաջորդ փուլին:
Գիտական խորհրդը որոշեց բավարարել նախկինում Կրթահամալիրի բակալավրում անվճար և վճարովի հիմունքներով սովորած և անբավարար արդյունքներով կրթահամալիրից ազատված հինգ ուսանողի վերականգնման համար ներկայացրած դիմումները:
Ընթացիկ հարցերի շրջանակում գիտական խորհրդի նախագահ Մանուկ Մուրադյանն անդրադարձավ ՀՀ ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի ձևավորմանն ուղղված կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցերին:
Մասնավորապես, ընդգծվեց, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի ձևավորման նպատակով մշակված օրենսդրական նախագծերին:
Քննարկման առարկա դարձան ապագա կրթահամալիրում ոստիկանական կրթության կազմակերպման և իրականացման վերաբերյալ առանձին բովանդակային հարցեր: