Գիտական խորհրդի 3-րդ նիստը
Մայիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2024 թվականի 3-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց տպագրության երաշխավորել «Իրավունքի ընդհանուր տեսության հիմնախնդիրները» ուսումնական ձեռնարկը (հեղինակներ՝ ի.գ.դ, պրոֆեսոր Արթուր Ղամբարյան, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյան, ի.գ.թ., դոցենտ Ռաֆիկ Խանդանյան, ի.գ.թ. Կարեն Զարիկյան, Աշոտ Պողոսյան): Ձեռնարկում ներկայացվում են մարդու հիմնական իրավունքների տեսության, սուբյեկտիվ իրավունքներից հրաժարվելու, իրավունքները չարաշահելու, իրավական նորմերի կոլիզիաների, իրավական նշանակություն ունեցող լռության, իրավական նորմերի մեկնաբանման հարցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում իրավական ակտերի համակարգը։
Գիտական խորհրդի նիստն ամփոփվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի պետ, հ.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Նաիրա Մամբրեի Նազարյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցի քննարկմամբ: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեց գրությամբ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ Նաիրա Նազարյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու և համապատասխան դիպլոմ ամրագրելու համար: