ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով դասընթաց

ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) համագործակցության շրջանակում ՆԳՆ կրթահամալիրում ս․թ․ ապրիլի 10-ին անցկացվել է «Train-the-Trainers» ձևաչափով եզրափակիչ դասընթացը՝ «Հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։ Դասընթացը վարել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության քրեական ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Վաղինակ Գինոյանը, ով CEPOL-ի ծրագրով 2023 թվականին անցել է համապատասխան վերապատրաստում։
Վ․Գինոյանը ներկայացրել է հնգօրյա դասընթացի ընթացքում իր ձեռք բերած փորձը, այդ թվում՝ լսարանի հետ ծանոթանալու և հաղորդակցվելու առանձնահատկությունները, հանձնարարված թեման ուսումնասիրելու, դասախոսությանը նախապատրաստվելու և նյութն արդյունավետորեն մատուցելու մեթադաբանությունն ու հմտությունները, ներառյալ՝ դասը վարելու նորարարական լուծումները, տեխնոլոգիաներն ու գործիքները։
Հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շուրջ տեսական նյութը, մասնավորապես՝ ապօրինի զենքի տեսակների, շրջանառության աղբյուրների, դրանց գործադրման թողած հետևանքների ու մարտահրավերների վերաբերյալ ընդհանրական տեղեկատվությունը, Ինտերպոլի, ՄԱԿ-ի, ԵՄ և միջազգային ծրագրերով ձեռք բերված փորձը դասընթացավարը զուգակցել է տարբեր երկրների հաջողված և ձախողված դեպքերի օրինակներով (ԱՄՆ, Մեքսիկա, Ավստրալիա, Եվրոպական Միության անդամ երկրներ և այլն)՝ շեշտադրելով զենքի հանձնմանն ուղղված հաջողված ջանքերը, երբ քաղաքացիները վստահել են հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերին։
Վ․ Գինոյանն ընդգծել է, որ ապօրինի զենքի շրջանառությունը լուրջ մարտահրավեր է, որը պահանջում է բազմամակարդակ մոտեցում՝ իրավական, տեխնոլոգիական, սոցիալական և միջազգային համագործակցության միջոցով, և դրա դեմ պայքարը նպաստում է հասարակության անվտանգության բարձրացմանն ու հանցավորության նվազմանը։
Վ․Գինոյանը նաև պատասխանել է դասընթացի մասնակիցների հարցերին և հայտնել է լրացուցիչ նյութեր տրամադրելու իր պատրաստակամությունը։