Վերադառնալ
03.03.2025

Ճանաչողական այց՝ միջազգային գործընկերների աջակցությամբ

Ճանաչողական այց՝ միջազգային գործընկերների աջակցությամբ

    2025թ. փետրվարի 20-21-ը ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը ճանաչողական այցով Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում էր։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնի պետ Կարինե Սաֆարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական  վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության քրեաբանական վերլուծության բաժնի ՀԿԳ ավագ քրեական ոստիկան, ոստիկանության կապիտան Գոհար Հարությունյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեղեկատվության ապահովման վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության մշակման և կանխատեսման բաժնի ավագ քրեական ոստիկան, ոստիկանության կապիտան Նարե Հովհաննիսյանը։

    Ճանաչողական այցը կազմակերպվել էր ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և օպերատիվ համագործակցության ծրագրի (TOPCOP) 3-րդ բաղադրիչի (հանցավորության սպառնալիքների գնահատում և հատուկ աջակցություն) շրջանակում։ Մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի պատվիրակությունները։

   Առաջին օրը Եվրոպոլի Միասնական օպերատիվ ծառայությունների բաժնի աշխատակիցները ներկայացրին ԵՄ SIS (Շենգենյան տեղեկատվական համակարգ), ETIAS (Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգ), EES (Մուտք և Ելք) և VIS (վիզաների տեղեկատվական համակարգ) համակարգերը, ավիաընկերությունների կողմից ուղևորների վերաբերյալ հավաքագրվող տեղեկատվությունը շահագրգիռ իրավապահ մարմիններին տրամադրելու դեպքերը, կարգն ու պայմանները։ Հաջորդիվ Մոլդովայի պատվիրակը ներկայացրեց Մոլդովայի սահմանապահ ոստիկանության կազմում բոլորովին վերջերս ստեղծված Ուղևորների տեղեկատվական ստորաբաժանումը (PIU), դրա կառուցվածքն ու գործառույթները։

   Երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին Հաագայի մարզային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ներկայացվեց օպերատիվ կառավարման կենտրոնի կառուցվածքը, գործառույթները, աշխատանքների մեթոդաբանությունը, օպերատորներին ներկայացվող պահանջներն ու անհրաժեշտ հմտությունները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում հետևելու օպերատիվ կառավարման կենտրոնում այդ պահին աշխատող ոստիկանության, հրշեջ և շտապօգնության ծառայության օպերատորների աշխատանքին։

   Այնուհետև մասնակիցներն ուղևորվեցին Ամստերդամի Սխիպոլ օդանավակայան, որտեղ տեղակայված է Ուղևորների տեղեկատվության ստորաբաժանումը։ Այն անկախ մարմին է՝ կազմված ազգային ոստիկանության, պաշտպանության նախարարության և ֆինանսական հետաքննությունների ծառայության ներկայացուցիչներից։

   Ներկայացվեցին այն իրավական ակտերը՝ համաձայն որոնց ավիաընկերությունները պարտավոր են ուղևորների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել վերը նշված ստորաբաժանմանը։ Իրական դեպքերի օրինակներով ներկայացվեցին բաժնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։

   Հնադիպումներն ամփոփվեցին ակտիվ քննարկումների մթնոլորտում։