Վերադառնալ
20.12.2023

Կրթահամալիրի ներկայացուցիչը Եվրոպոլում

Կրթահամալիրի ներկայացուցիչը Եվրոպոլում

   Դեկտեմբերի 11-ից 13-ը Հաագայում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցել են ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) TOPCOP ծրագրի 3-րդ բաղադրիչի (Տարածաշրջանային սպառնալիքների գնահատում և հատուկ աջակցություն) շրջանակում իրականացվող հերթական աշխատանքներին։ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։ 

   Մասնակիցները համատեղ աշխատել են նախանշված հանցավորության ութ ուղղություններից երեքի՝ ապօրինի միգրացիայի, խարդախության, ակցիզային հարկի և դրոշմանիշերի հետ կապված խարդախությունների վերաբերյալ տեքստի նախագծի մշակման վրա։ Նշված ուղղություններով երկրների կողմից ներկայացված վերլուծությունները համադրվել և սինթեզվել են՝ դուրս բերելով հիմնական եզրահանգումները։ Դրանք վերաբերում են տարածաշրջանում հանցագործությունների հետագա շարժընթացի միտումներին, հանցագործության կատարման համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությանը, հանցագործների գործելաոճին, հանցագործությունների կատարման վրա տեխնոլոգիաների ազդեցությանը, միջազգային հանցավոր խմբերին, այլ հանցագործությունների հետ փոխկապակցվածությանը և իրավապահ մարմինների արձագանքին։