Վերադառնալ
06.12.2021

ՊԱՐԶ, ՀԱՄԵՍՏ, ՎՃՌԱԿԱՆ

 ՊԱՐԶ, ՀԱՄԵՍՏ, ՎՃՌԱԿԱՆ

«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նոր  նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ոստիկանության 

կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի 2֊րդ դասակի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Աննա Միրզաջանյանի  հետ։

 

Գնացինք․․․․

 

-  ինչպիսի՞ ն էր փոքրիկ  Աննան:

 

Փոքրիկ Աննան ամաչկոտ, փոքր- ինչ կամակոր ու ժպտերես մի աղջնակ էր։

 

-   Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից:

 

Մանկությունս շատ հետաքրքիր է անցել։ Հիշում եմ, երբ փոքր էի՝ մոտ չորս կամ հինգ տարեկան,հայրիկիս հետ խանութ գնացի ու, օգտվելով այն փաստից, որ նա ինձ շատ է սիրում, խնդրեցի գնել խանութում առկա բոլոր այն խաղալիքները, որոնք հավանել էի։ Հայրիկս գնեց այդ ամենը։ Ու նաև հիշում եմ, թե ինչ դժվարությամբ այդ մեծ ծանրոցները տեղափոխեց տուն։

Հիմա եմ հասկանում, որ ծնողական սերը վեր է ամեն ինչից, ու յուրաքանչյուր ծնող կանի այն ամենը, ինչը իր ձագուկին ժպիտ կպարգևի։

 

-       Կպատմե՞ս դպրոցական  տարիներից:

 

Դպրոցական տարիները կյանքիս ամենահետաքրքիր ու հիշարժան ժամանակահատվածն եմ համարում։ Հեքիաթների վայելքներով տարված փոքրիկ էակ էի, երբ մուտք գործեցի գիտելիքներով լի զարմանահրաշ մի աշխարհ ու սկսեցի ձևավորվել որպես անհատականություն։ Մեծ սիրով եմ հաճախել դպրոց և ուսուցիչներիցս յուրաքանչյուրին սիրել եմ ծնողներիս չափ, քանի որ մեծ է նրանց դերը իմ կրթության ու դաստիարակության գործում։ Սովորել եմ երկու դպրոցում։ Երբ Երևան պետք է տեղափոխվեինք, շատ մեծ դժվարությամբ համակերպվեցի գյուղի դպրոցից դուրս գալու և քաղաքում մեկ այլ դպրոց տեղափոխվելու փաստի հետ։ Գյուղի դպրոցը տնից բավականին հեռու էր և այնքան էլ բարեկարգ չէր, բայց միաժամանակ շատ հարազատ էր, բոլորն ինձ սիրում էին, հարգում, ուսուցիչները՝ գովաբանում։ Քաղաքի դպրոցն այլ էր, բայց ես, ի զարմանս ինձ, չուրախացա ու կարոտ զգացի, կարոտում էի այն խարխուլ պատերով, քանդված հատակով, ցուրտ, բայց, միևնույն ժամանակ, ինձ համար ջերմ ու  անփոխարինելի դպրոցը։ Այնտեղ ես թողեցի իմ առաջին քայլերը, սիրելի դասընկերներիս, անփոխարինելի ուսուցիչներիս, իմ նստարանը ու սրտումս պահեցի դպրոցական անմոռանալի հուշերը։

 

-   Վատ գրքերը կարող են այնպես փչացնել մեզ, ինչպես վատ ընկերները։

Ի՞նչ եք կարծում, կա՞ն վատ գրքեր։

 

Չկան վատ գրքեր, ուղղակի ամեն ոք յուրովի է ընկալում գրքի բովանդակությունն ու ընթերցելով ստանում է այն, ինչն առավել հոգեհարազատ է իրեն։ Նույնն էլ ընկերների վերաբերյալ կարող եմ ասել։ Եթե ընկերդ վատն է, միևնույն է, դու նրա մեջ հաստատ կգտնես լավն ու դրականը և ինքդ քո հերթին այնքանով կլինես լավ ընկեր, ինչքանով որ կարողացել ես նրա մեջ արթնացնել այդ լավը։ Չէ՞ որ դու արդեն ընտրել ես նրան, ուրեմն դու գտել ես նրա մեջ այն, ինչը քեզ հարազատ է։

 

     -  Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել:   

Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը։

 

Ընթերցածս գրքերից հատկապես շատ տպավորված եմ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գրքից, որում նկարագրվում է 19-րդ դարի ռուս երիտասարդության հոգևոր պատկերը և նշվում, թե ինչի կարող է հանգեցնել Աստծո նկատմամբ հավատը կորցնելն ու բարոյականությունից հրաժարվելը։

 

  -       Խոսենք նախասիրություններից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից:

 

Սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել, դաշնամուր նվագել, ճանապարհորդել, սակայն այն, ինչն ինձ մի քանի ժամով կտրում է իրական կյանքից, ստեղծագործելն է (բանաստեղծություններ գրելը)։Դրանով ես պարփակվում եմ իմ ներքին աշխարհում, խորհում կյանքի, երևույթների ու մարդկային հարաբերությունների մասին և թղթին եմ հանձնում այն, ինչը որ երևի կդժվարանայի արտահայտել անմիջականորեն։

 

-  Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ այս շրջանում:

Ըստ իս՝ յուրաքանչյուր ոք առաջին հերթին երազում է լինել իր ծնողներին արժանի զավակ, և ես նույնպես իմ նպատակներով փորձում եմ հասնել նրան, ինչով  կհպարտանան ծնողներս։

 

- Ոստիկանական համակարգն ուժային կառույց է: Կին,

 ոստիկան․ այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:

 

Ոստիկանության համակարգում կնոջ դերն իր ուրույն նշանակությունն ունի։ Ի վերջո, եկեք փաստենք, որ ոստիկանություն-հասարակություն փոխհարաբերություններում վստահության գերակշիռ մասն ստեղծվում է հենց կին ծառայողների կողմից։ Ցավոք, շրջապատում բոլորը չէ, որ ընդունում են կին ոստիկանին։ Փորձում եմ կին ոստիկանի այնպիսի օրինակ լինել, որի թե՛ կեցվածքին, թե՛ վարվելաձևին և թե՛ բարոյական կերպարին նայելիս մարդիկ ավելի շատ ընդունեն ու վստահեն ոստիկանին։

 

Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:

 

Դպրոցն ավարտելիս շատ եմ մտորել մասնագիտության ընտրության հարցում։ Իհարկե, բազմաթիվ խոչընդոտներ են ի հայտ եկել այս մասնագիտությունն ընտրելիս, սակայն նպատակին հասնելու ճանապարհին երբեք չպետք է ընկրկել։ Փոքր տարիքում ոստիկան տեսնելիս միշտ հետևում էի նրանց պահվածքին։ Ինձ գրավում էր նրանց համազգեստը, լրջությունն ու խստությունը։ Մի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես երթևեկությունը կարգավորող ոստիկանները,  տեսնելով անցումը փնտրող  ձեռնափայտով ծեր տատիկի, շատ արագ կանգնեցրին մեքենաներն ու օգնեցին անցնել փողոցը: Ես հասկացա, որ բացի կարգուկանոն հաստատելուց, ոստիկանը նախ և առաջ մեր պաշտպանն է, ու երբ պետք է ընտրեի մասնագիտություն, հասկացա, որ էությամբ, հոգով ու բնավորությամբ ես նույնպես պատրաստ եմ  արժանավայել ծառայելու  հայրենիքիս և ժողովրդիս:

 

-  Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում

 ուսանողական կյանքը:

 

Ուսանողական կյանքում ևս կան շատ հետաքրքիր ու հիշարժան պահեր, և, իհարկե, այդ պահերը համեմվում են նրանով, որ իմ սիրելի բուհը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, ուսումնական հաստատություն լինելուց զատ, նաև ուժային կառույց է։ Դրանով Կրթահամալիրի սովորողի մեջ արթնանում է հպարտության զգացումը, որ, ուսանող լինելով հանդերձ, քեզ կարևորված ես զգում՝ ծառայելով քո երկրին ու ժողովրդին։

 

-       Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։

 

Կրթահամալիրի սովորողը պետք է լինի կարգապահ, ձգտող, բանիմաց, կարողանա գնահատել համազգեստ ու ուսադիր կրելու բարձր պատասխանատվությունը և պատվով կատարի իր առջև դրված պարտականությունները։

 

-       Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:

 

 Հայրենիքիս համար պիտանի մարդ լինելու ձգտումը։

 

 -       Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:

 

Կուզենայի երկիրս ներկայացնել արտաքին հարաբերություններում երևի կընտրեի դիվանագետի մասնագիտությունը։

 

-       Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։

 

Խորհուրդ կտամ, որպեսզի  լինեն պատասխանատու և պատրաստակամ, չեմ մոռանա նշել նաև, որ իրենց բախտ է վիճակվելու կրթություն ստանալ այնպիսի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել երկրի ու ժողովրդի ապագա պաշտպաններին։

 

-       Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:

 

Անկեղծ ասած, բնավորությամբ քչախոս եմ, ավելի շատ սիրում եմ լսել, մտորել ու հետևություններ անել։ Երբ ավագ սերունդը խոսում է գիտությունից, քննարկում գիտությանը վերաբերող հարցեր ու փոխանակվում մտքերով, ես միշտ փորձում եմ խոսել, տեսակետ հայտնել, հարցեր տալ ու  խորացնել գիտելիքներս:

 

Բլից հարցեր

 

Պատասխանում ենք կարճ և արագ

 

 -       Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

 

Պարզ, համեստ, վճռական։

 

 -       Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:

 

 Ինչպե՞ս արդյունավետ դարձնել օրս։

 

-       Օրն սկսում ես ժամը…

 

  Օրը սկսում եմ ժամը 07։00-ից։

 

-       Սիրածդ աֆորիզմը:

 

Պարզությունը մեծագույն նրբագեղությունն է։

 

-       Սիրելի զբաղմունքդ:

 

Ինքնակրթվել։

 

 -       Խորհուրդ, որը կտայիր։

 

Միշտ բարի պետք է լինել, բարին ցանկանալ  ու բարին տարածել շուրջբոլորը: Բարությունը բոլորի հոգում կա, պետք է ընդամենը արթնացնել այն, ու  այդ ժամանակ կհասկանանք, թե ինչքան լավն է կյանքը, ու օրեցօր ինչքան լավն ենք դառնում մենք՝ յուրաքանչյուրս:

 

-       Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)

 

Իսկ վերջում կցանկանամ իմ գրած բանաստեղծություններից մի փոքր հատված ներկայացնելով՝  եզրափակել.

 

Հավատում եմ, որ կգա մի օր,

Երբ երկիրս խաղաղ կապրի,

Կլինենք միասնական ու հզոր,

Ու կառնենք վրեժն ամեն զոհվածի:

 

Հարցազրույցը վարեց ոստիկանության

 ավագ լեյտենանտ Մարիետա Խերանյանը