Վերադառնալ
13.10.2026
Սահմանային կառավարման ոլորտի բարեփոխումների և փորձագիտական աջակցության շուրջ քննարկում․ ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը քննարկումներ է ունեցել ՆԳՆ կրթահամալիրում
Հոկտեմբերի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի երկրորդ գնահատման առաքելության ներկայացուցիչներին։
Մասնակցում էին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարության, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Եվրոպական Միության կառույցների և անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։
Քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի «Սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում, ապաստան» ուղղության առաջին փուլի օրենսդրական և քաղաքականության մշակմանն առնչվող հենանիշների կատարման ընթացքը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, կարևորելով ոլորտային կարիքների գնահատման և տեխնիկական վերազինման գործում փորձագիտական աջակցության դերը, առանցքային է համարել սահմանային հսկողության թվային ենթակառուցվածքների զարգացումը։
Սահմանային կառավարման ոլորտի բարեփոխումներն ու հետագա քայլերը ներդաշնակեցնելու և հստակեցնելու համատեքստում փոխնախարարն ընդգծել է միջազգային գործընկերների դիտարկումների ու առաջարկությունների կարևորությունը։
Քննարկվել են միգրացիայի և քաղաքացիության ոլորտի ռազմավարական ծրագրի լրամշակման և սահմանների համալիր կառավարման ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ հարցեր։ Ինչպես նաև կարևորվել է սահմանային կառավարման թվային ենթակառուցվածքի աշխատանքը։
ՆԳՆ կրթահամալիրի և Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ներկայացուցիչներն անդրադարձել են սահմանապահների մասնագիտական կրթության, վերապատրաստման և սահմանային կառավարման կարողությունների զարգացման հարցերին։
Շահագրգիռ մարմինների գործառույթների համակարգման և արդյունավետ կառավարման համար կարևորվել են միջգերատեսչական համագործակցության ճկուն մեխանիզմների ներդրումը և փոխգործակցության իրավական հիմքերն ու ընթացակարգերը հստակեցնելու անհրաժեշտությունը։
Եվրոպական հանձնաժողովի երկրորդ գնահատման առաքելության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել սահմանային կառավարման կարողությունների զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման համար տրամադրել փորձագիտական աջակցություն։
Հանդիպման մասնակիցները շրջել են ՆԳՆ կրթահամալիրի կացարանային նոր մասնաշենքում, ծանոթացել ուսանողների կեցության և կրթական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին։
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=J0T06lNkigU
