Վերադառնալ
11.03.2025

Հանդիպում ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի հետ

Հանդիպում ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի հետ

Մարտի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանը հանդիպել է նորաստեղծ ուսումնական հաստատության՝ հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած և նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքները համալրած ծառայողների ու աշխատակիցների հետ։ Մ․ Մուրադյանն անձնակազմին է ներկայացրել կրթահամալիրի նորանշանակ պրոռեկտորներ Մ․ Մարկոսյանին, Ա․ Սուքիասյանին, Է․ Մարգարյանին և Ա․ Հայրապետյանին, ինչպես նաև վերջիններիս համակարգմանը վերապահված աշխատանքների ուղղությունները։

ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իր խոսքում ընդգծել է բուհի առաքելությունն ու արժեքները, հիշեցրել հիմնական նպատակները, մասնավորապես՝ հանրային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ոստիկանական և փրկարարական կրթությամբ մասնագետների պատրաստումը, ոստիկանության և փրկարար ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումն ու ՆԳՆ կարիքների համար համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց վերապատրաստումը։

Մ․ Մուրադյանը նշել է հասարակության մեջ կրթահամալիրի կրթական և գիտական գործունեության դերն ու կարևորել զբաղեցրած պաշտոններում անձնակազմի յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունն ու կարգապահությունը։ Այնուհետև անդրադարձել է հիմնական մարտահրավերներին, այդ թվում՝  ներկայիս կրթական և գիտական, ենթակառուցվածքների, միջազգային համագործակցության խնդիրներին, ուսանողների ակնկալիքներին ու կրթության որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Կրթահամալիրի զարգացման տեսանկյունից կարևորվել են նաև կրթական նորարարություններն ու գիտահետազոտական առաջընթացը, ակադեմիական ազատությունն ու կառավարման արդյունավետության բարձրացումը։

Ի թիվս այլ հարցադրումների՝ համագործակցության և հետադարձ կապի ապահովման նպատակով ընդգծվել է պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվածության խթանումը, որոշումների կայացման թափանցիկության ապահովումը, անձնակազմի մտահոգությունները լսելու, քննարկումների և առաջարկությունների համար բաց հարթակ ձևավորելու պատրաստակամությունը, պարբերական հանդիպումների ձևաչափի քննարկումը, համատեղ ու թիմային աշխատանքը։

 Հանդիպման ավարտին Մ․ Մուրադյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։