Վերադառնալ
06.10.2022

ՁԳՏՈՒՄ ԵՄ ՊԻՏԱՆԻ ԼԻՆԵԼ ԱԶԳԻՆ ՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

ՁԳՏՈՒՄ ԵՄ ՊԻՏԱՆԻ ԼԻՆԵԼ ԱԶԳԻՆ ՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

     «Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 1-ին կուրսի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Էլեն Վարդանյանի հետ։

Գնացինք․․․․

-Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ աղջնակ էիր, ի՞նչ երազանքներ ու հեքիաթներ կային մանկության տարիներին:

 - Հիշում եմ` չարաճճի էի ու շատ հետաքրքրասեր, ասում են` շատ բան չի փոխվել մինչ օրս։ Մանկությանս երազանքներն անթիվ էին, բայց մեծանալով հասկացա, որ դրանք չպետք է լինեն ուղղակի երազանքներ, այլ` նպատակ, որը պահանջում է ձգտում ու մեծ կամք։ Մանկությանս տարիները ոսկե տառերով են գրված հիշողությանս նոթատետրում. ամենաքաղցր ու լուսավոր տարիներս...

-Դպրոց․ նոր, ավելի հասուն կյանք: Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները: Ի՞նչ կհիշես։ Կպատմե՞ս այդ տարիներից:

-Դպրոցական տարիներս անցել են բավականին ուսուցողական՝ ոչ միայն դասերի հանդեպ, այլ նաև կյանքի։ Սովորել եմ Արցախի Հանրապետության` Լեոնիդ Ազգալդյանի պատվով անվանակոչված` ամենահարազատ դպրոցում, պատերազմի պատճառով ուսմանս 2 տարին անցկացրել եմ Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոցում։ Եղել եմ անմիջական, շփվող ու հետաքրքրասեր։

-Փոքրիկ իշխան. Անտուան դե Սենտ-Էկզյուպերի... Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը.

  -Այն մոլորակը, որը ես եմ ստեղծում, դեռ չի հասել իր ավարտին,այլ կառուցման շեմին է։ Այն շատ տարբեր է, բայց և շատ իրական։ Իրականության մեջ բացակայող, բայց ցանկալի երևույթներն իմ մոլորակում են

-Խոսեցինք Էկզյուպերիից․ առաջին ընթերցածդ գիրքը ո՞րն է եղել, ի՞նչ տպավորություն է թողել, և, առհասարակ, ի՞ նչ է գիրքը քեզ համար:

 -Առաջին ընթերցածս գիրքը դժվարանում եմ հիշել, սակայն կարող եմ ընթերցածս գրքերից առանձնացնել Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ»-ը, որը մեծ սիրով կընթերցեմ երկրորդ անգամ և ավել...

Ինչպես կասեր հենց ինքը` Վարդգես Պետրոսյանը, գիրք կարդալը ծով մտնելու նման է․ պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին...

 

-Հայտնի է՝ առաջին կին ոստիկանը եղել է ամերիկուհի Էլիս Ուելսը 1910 թվականին: Նա բազում քննադատությունների է արժանացել ընտրած մասնագիտության պատճառով, բայց անխոնջ կատարել է իր ծառայությունը: Դու ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:

-Մասնագիտության ընտրությունը բոլորիս կյանքում բարդ ու շատ պատասխանատու փուլ է, որի համար պարտավոր ես ամբողջ կյանքում ճաշակել մասնագիտությանդ տված պտուղները...Իրավաբանությունն այն մասնագիտություններից է, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։ Ընտրությունս կատարել եմ գիտակցաբար և մտածված, հավատալով և վստահելով անձիս...

-Ոստիկանական համակարգն ուժային կառույց է, բայց կինը նուրբ էակ է, այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:

-Չկա այնպիսի դժվարություն, որ կինը չկարողանա հաղթահարել։ Յուրաքանչյուր կին ընտրում է իրեն համարժեք մասնագիտություն և ձգտում դրան` դժվարությունները հաղթահարելով:

-    Ինչպիսի՞ն պիտի լինի իրական ոստիկանի կերպարը:

-Ոստիկանի կերպարն սկսվում է հայրենասիրությունից։ Նա պետք է բանիմաց, կարգապահ, ազնիվ և իր գործին նվիրված լինի։ Բնութագրական շատ հատկանիշներ կարող եմ թվարկել...

- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ոստիկան դառնալ։

- Խորհուրդ եմ տալիս, որ երկար մտածելուց, ծանրութեթև անելուց հետո որոշում կայացնեն։ Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես մենք` բոլորս ենք պատկերացնում։ Պատասխանատվություն, անսահման նվիրվածություն և մտքի ճկունություն է պետք... Սիրել մասնագիտությունը՝ դեռ չի նշանակում լինել լավ մասնագետ։ Նպատակին հասնելու համար պետք է ունենալ ինքնավստահություն, ձգտում և համառություն։

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ

-Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

-Հայրենասեր, նվիրված, անկեղծ։

-Սիրածդ աֆորիզմը:

- «Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները»

-Սիրելի զբաղմունքդ:

-Թարգմանություն անել։

-Խորհուրդ, որը կտայիր…

 -Միշտ պետք է ժպտալ․ ինչ-որ մեկին՝ անկեղծորեն, մյուսին էլ՝ ի հեճուկս։

-Դու կին ոստիկան ես և…

-Ես կին ոստիկան եմ և ձգտում եմ պիտանի լինել իմ ազգին ու հանրությանը...

 

Հարցազրույցը վարեց  ոստիկանության

 կապիտան Մարիետա Խերանյանը