Վերադառնալ
20.01.2025

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻԴ ՄԵՋ ԵՂԻ՛Ր ՀՍՏԱԿ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻԴ ՄԵՋ ԵՂԻ՛Ր ՀՍՏԱԿ

 

 «Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի երրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Էդգար Դալլաքյանի հետ։

 
- Ինչպիսի՞ն էր փոքրիկ Էդգարը: Երեք նախադասությամբ պատմի՛ր քո մասին։
- Ակտիվ, կենսուրախ երեխա եմ եղել, որն անսանձ հետքրքրությամբ ուսումնասիրում էր նորը:
 
- Դրվագներ, որոնք տպավորվել են մանկությանդ տարիների խաղերից։
- Յուրաքանչյուր խաղ ինձ համար ուներ իր հմայքն ու առանձնահատկությունը, սակայն ինձ դուր էին գալիս այն խաղերը, որոնք
 հնարավորություն էին տալիս ճանաչել միմյանց  տարբեր իրավիճակներում:
 
- Կպատմե՞ս դպրոցական տարիներից։
- Դրանք համեմված էին նոր հույզերով, նոր տպավորություններով և նոր փորձով, որոնք բացում են ոչ միայն դեպի գիտելիքներ,
 այլ նաև դեպի ինքնուրույն կյանք տանող դռներ։
 
- «Փոքրիկ իշխան» Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․․․Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը։
- Աշխարհը հետաքրքիր է իր անսպասելիությամբ, չբացահայտված կողմերով. Հորինված աշխարհը եթե իրական չէ, շոշափելի
 չէ, ապա այն զուրկ է հմայքից, քանզի սին է ու անիրական: Ես սիրում եմ իմ իրական աշխարհը։
 
- Ի՞նչ ես կարծում, կա՞ն վատ գրքեր։

- Միանշանակ այո՛, քանի որ գիրքը, նկարը, ստեղծագործողի աշխարհընկալման, մտքի, հոգու հայելին է։

Վստահ եմ՝ ոչ բոլոր հայելիներին կարելի է նայել։

- Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը, և ո՞ր գիրքն է, որ 2-րդ անգամ կընթերցես։

- «Սպարտակ»։

-   Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ  այս շրջանում։

-   Արագ անցնել իմ պրակտիկ աշխատանքին:

 

- Խոսենք նախասիրություններից ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից։

- Սիրում եմ լռությունը․ այն ստեղծում է ուրույն մթնոլորտ`  ավելի լսելի դարձնելով և՛ գրքերից ընթերցած մտքերը, և՛ իմ սեփականը։

 

Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:

- Անհավանական կհնչի, բայց լրիվ պատահականորեն եմ հայտնվել Կրթահամալիրի դռների առջև։ Սակայն առաջին իսկ ծանոթությունից հասկացա, որ ճիշտ տեղում եմ և գտել եմ իմ առաքելությունը, միաժամանակ հասկացա, որ պատահականություններ չեն լինում։

 

- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:

- Ուսանողական կյանքը բուռն է, լի գիտելիքներով, դրանց կիրառելու կոնկրետ բանալիներով, ինչն օրեցօր մեզ մոտեցնում է իրական ծառայությանը։

 

-  Ոստիկան/պարեկ/ մի քանի բառով բնութագրի՛ր ի՞նչ է քեզ համար։

-  Արդարություն, ճկուն մտքի և միաժամանակ ուժի համադրություն։

 

Ինչպիսի՞ն պետք է լինի իրական ոստիկանի կերպարը։

-  Հերոսին բնորոշող բազում բառերով կարելի է բնութագրել ոստիկանի կերպարը, և յուրաքանչյուր բառը կլինի տեղին ու դիպուկ, սակայն կուզեմ այլ կերպ ձևակերպել․ իմ ընկալմամբ՝ ոստիկանը պետք է լինի օրինապաշտության ու պատվի անդավաճան մարմնացում։

 

Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։

-  Սեփական երկրում արդարության ու անվտանգության բանակի ապագա զինվոր։

 

-   Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:

-  Պատերազմով անցած ուղիս, ուրվագծված պատասխանատվությունս ազգիս ու մարդկային  կյանքի հանդեպ դրդեցին ինձ անդամագրվել արդարության և ապահովության պահպանմանը, նոր կորուստների կանխարգելմանը։

 

Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:

- Կարևորում եմ մարդկային շփումը, ուստի կընտրեի մասնագիտություն, որտեղ կա դրա դրսևորման լիարժեք հնարավորություն։

 

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։

- Սթափ գնահատել սեփական պատրաստականությունը, գիտակցել ընտրության լրջությունը, նոր դիմել կրթահամալիր, որովհետև այն բարդ, հոգևոր, մտավոր և ֆիզիկական դժվարություններ հաղթահարելու ճանապարհ է, որը տալիս է բոլոր հնարավորությունները լիարժեք մասնագետ դառնալու։

 

Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:

-  Յուրաքանչյուր թեմայի շուրջ էլ կարելի է անդադար խոսել, միայն կարևորը ճիշտ զրուցակից ընտրելն է։

 

Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը քեզ համար։

-  Նորի բացահայտումը։

 

Քանի որ մոտենում է Ամանորը, խոսենք Ամանորյա հրաշքներից:

Հավատում ե՞ս արդյոք Ամանորյա հրաշքներին։

- Պատերազմի արհավիրքներից հետո այևս չէի հավատում հրաշքներին, սակայն կյանքը հերթական անգամ ապացուցեց, որ յուրաքանչյուրիս հոգում կա հրաշքի սպասում, որն իրականացավ ինձ համար։

 

Ի՞նչ նվեր ես խնդրել Ձմեռ պապից։

-  Անիրական Ձմեռ պապից՝ անիրական նվեր՝ խաղաղություն։

 

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ։

 

-   Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

-   Բարեխիղճ, համարձակ և մարդասեր։

-   Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:

-    Արդյունավետ անցկացնել օրս։

-   Օրն սկսում ես

-  Նոր արկածների հետ միասին։

-   Սիրածդ աֆորիզմը:

-   Ճշմարտությունը ծնվում է վեճի ժամանակ։

-   Սիրելի զբաղմունքդ:

-   Զբոսանք։

-   Խորհուրդ, որը կտայիր։

-   Որոշումներիդ մեջ եղի՛ր հստակ։

-   Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)

-   Հաճելի էր զրուցել ձեզ հետ։

 

                                                                                       Հարցազրույցը վարեց

առաջատար մասնագետ

                                                                                      Լիանա  Սահակյանը