Վերադառնալ
06.07.2022

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԷ, ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՉԷ, ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ․ ԱՀԱ՛ ԹԵ ԻՆՉՆ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԷ, ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՉԷ,  ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ․ ԱՀԱ՛ ԹԵ ԻՆՉՆ Է  ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

 

«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի սովորող  Ռաֆայել  Հովհաննիսյանի հետ։ Մեծ հպարտությամբ կարող ենք նշել, որ մայիսի 31-ին նա դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Գնացինք․․․․


- Առաջին հարցը, իհարկե, խոսելով չեմպիոնի հետ, պետք է հնչի բռնցքամարտից։ Ի՞նչն ես համարում քո հաջողությունների գաղտնիքը։

 

Միայն ու միայն քրտնաջան աշխատանքը, բայց՝ խելացի կերպով, ոչ մի բան երբևիցե հեշտ չի տրվում։ Աշխատել, աշխատել ու նորից աշխատել։

 

- Իրավագիտություն, բռնցքամարտ, ինչպե՞ս ես համատեղում երկու միմյանց հետ կապ չունեցող ոլորտները։

 

Սկզբից չէի ցանկանում սովորել ոչ մի մասնագիտությամբ։ Մայրս դրա հետ չէր համակերպվում։ Հետո ինքս հասկացա, որ եթե ուժը գերազանցի խելքին, ապա ուղղակի չեմ կարողանա ճիշտ աշխատանք տանել թե՛ պարապմունքներին, թե՛ ռինգում։ Ու քանի որ չեմ սիրում մաթեմատիկա, որոշեցի իրավաբանական կրթություն ստանալ։ Գերազանց չէ, բայց կարողանում եմ լիովին համատեղել։

 

- Ի՞նչ է սպորտը քեզ համար։

 

Սպորտը մի մեծ աշխարհ է, որտեղ ամեն մարդ կարող է իր անկյունը գտնել։

 

- Ի՞նչ կասես մենամարտի մասին: Դժվա՞ր էր:

 

ՈՒնեցել եմ 4 մենամարտ, մենամարտերից հետո՝ տարբեր վնասվածքներ, լարվածություն՝ ողջ մրցման ընթացքում։ Միանշանակ դժվար էր, բայց դա նորմալ էր. գիտեի՝ ինչ է սպասվում։

 

- Ապագա ծրագրերն արդեն հայտնի՞ են:

 

Կոնկրետ այս պահին միակ ծրագիրը, որ ունեմ, վերականգնվելն է, Իսկ հետո՝ նորանոր մրցումներ ու միայն հաղթանակներ։

 

- Ինչպե՞ս ընդունեցիր մեծ ուշադրության հոսքը դեպի քեզ։ Դժվար չէ՞ր։

 

Բավականին դժվար էր․ երբևիցե նման ուշադրության չէի արժանացել, չէի պատկերացնում, որ անծանոթ միջավայրում նման ուշադրության կարժանանամ, ընդհուպ՝ այս արտահայտությունը՝ կարո՞ղ ենք նկարվել։

 

- Մինչև ե՞րբ եք նախատեսում մնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

    

   Միայն կասեմ, որ սպորտը կարճ կյանք ունի։

 

-          Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ն էր այն, ո՞ վ էր քո հերոսը:

 

Ունեցել եմ շատ գունեղ մանկություն, մանկապատանեկան տարիքից ակտիվ եմ եղել թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում։

 

-       Իսկ որո՞նք են եղել մանկության տարիների խաղերը:

 

Բակում միշտ ընկերներիս հետ սիրել եմ ֆուտբոլ խաղալ։

 

-       Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները:  Կպատմե՞ս այդ տարիներից:

 

Սովորել եմ 162 միջնակարգ դպրոցում։ Շատ հետաքրքիր տարիներ էին, սակայն մրցումներիս պատճառով բացակայություններս շատ են եղել։

 

-       Գիրք․ ո՞ր գիրքն է, որ երկրորդ անգամ կընթերցես։    

 

«Սրճարան աշխարհի եզրին»։

 

-       Խոսենք հոբբիներից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից:

 

Զբոսանքը և վիրտուալ խաղերը։

 

- Ինչի՞ մասին էիր երազում պատանեկության տարիներին:

 

Պատանեկության երազանքս Նյու Յորքում լինելն էր։ Չափից շատ եմ սիրում այդ քաղաքը։

 

-       Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:

 

Ուսանողական կյանքս նույնպես բացականերով լի է՝ իհարկե մրցումների պատճառով, բայց ժամանակ առ ժամանակ լիովին տրվում եմ դասերիս։

 

-       Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:

 

Մասնագիտությունս փոխելու դեպքում կընտրեի  սպորտային բժիշկ։

 

-       Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։

 

Կասեմ, որ շատ ճիշտ ընտրություն է, քանի որ հմուտ իրավաբան դառնալու համար Կրթահամալիրն ունի բոլոր պայմանները։

 

-       Շարժառիթ․ ո՞րն է կյանքի շարժառիթը քեզ համար։

 

Իմ եսն ավելի ու ավելի կատարելագործել։

 

-       Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:

 

Միանշանակ սպորտ։

 

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ

 

-       Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

 

 Բարություն, կամք, հավատարմություն։

 

-       Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:

 

Այսօր քանիսի՞ն եմ մարզվելու։

 

-       Օրն սկսում ես ժամը…

 

Առավոտյան ժամը 8-ից։

 

-       Սիրածդ աֆորիզմը:

 

Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ,  քաջություն ունենալ շարունակելու․ ահա՛ թե ինչն է  ամենակարևորը։

 

-       Սիրելի զբաղմունքդ:

 

Ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։

 

-       Խորհուրդ, որը կտայիր։

 

Արածի համար չփոշմանել։

 

-       Թե՞յ, թե՞ սուրճ։

 

Միանշանակ թեյ։

 

-       Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)

Շնորհակալություն Ձեզ...

 

Մենք քեզ նոր հաղթանակներ ենք ցանկանում:

 

Հարցազրույցը վարեց  ոստիկանության

 կապիտան Մ․ Խերանյանը