ԻՄ «ՄՈԼՈՐԱԿՈՒՄ» ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անգելինա Հովհաննիսյանի հետ։
Գնացինք․․․․
-Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ աղջնակ էիր, ի՞նչ երազանքներ ու հեքիաթներ կային մանկության տարիներին:
-Ի զարմանս բոլորի՝ չարաճճի չեմ եղել։ Փոքրուց չէի տրվում պատրանքների և չէի հավատում հեքիաթների, թեպետև սիրում էի դրանք ընթերցել։
-Դպրոց․ նոր, ավելի հասուն կյանք: Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները: Ի՞նչ կհիշես։ Կպատմե՞ս այդ տարիներից:
-Դպրոցական տարիներս գերակտիվ էին։ Մասնակցում էի բոլոր հնարավոր միջոցառումներին, աշակերտական խորհրդի նախագահ էի․․․դա ինձ համար այն ժամանակ հավասարազոր էր երկրի նախագահի պաշտոնին։
-Փոքրիկ իշխան. Անտուան դե Սենտ-Էկզյուպերի... Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը.
-Իմ «մոլորակում» պատերազմը տեղ չունի։ Այնտեղ միայն մանուկ տարիներիս Կապանն է, ուր տիրում են սերը, համերաշխությունը և մեր չքնաղ Խուստուփը։
-Խոսեցինք Էկզյուպերիից․ առաջին ընթերցածդ գիրքը ո՞րն է եղել, ի՞նչ տպավորություն է թողել, և, առհասարակ, ի՞ նչ է գիրքը քեզ համար:
-Առաջին ընթերցածս գիրքը Ն․Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» ստեղծագործությունն էր։ Հեքիաթներից դեպի լուրջ գրականություն անցումս սահուն էր, քանզի առասպելական կերպաները որոշ չափով նույնական են հեքիաթի հերոսներին։
-Հայտնի է՝ առաջին կին ոստիկանը եղել է ամերիկուհի Էլիս Ուելսը 1910 թվականին: Նա բազում քննադատությունների է արժանացել ընտրած մասնագիտության պատճառով, բայց անխոնջ կատարել է իր ծառայությունը: Դու ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
-Մայրիկիս հորդորով։ Սակայն Կրթահամալիրում ուսումնառությունը սերմանեց սեր և հարգանք այս բարդ, բայց և, միևնույն ժամանակ, հեռանկարային մասնագիտության հանդեպ։ Կրթահամալիրում, իրավամբ, սկսում ես իրատեսորեն նայել կյանքին․․․
-Ոստիկանական համակարգն ուժային կառույց է, բայց կինը նուրբ էակ է, այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:
-Կինը թեպետև նուրբ էակ է, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ նա չի գտնի իր մեջ այնքան ուժ, որքան որ անհրաժեշտ է իր վրա դրված պարտականությունների կատարման համար։
- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:
-Բազմաբովանդակ․․․ ոչ մի նոր օր նախորդին նման չի լինում մեր Կրթահալիրում։ Հենց դրանով ենք մենք յուրահատուկ։
- Ինչպիսի՞ն պիտի լինի իրական ոստիկանի կերպարը:
-Մեր Կրթահամալիրի պետ պարոն Մուրադյանի պես։ Ես շատ կցանկանայի ապագայում լինել նրա պես պատվարժան և կիրթ։
- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ոստիկան դառնալ։
-Մտածել, թե արդյո՞ք նրանք կկարողանան ըստ արժանվույն ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության և մեր հասարակության բարօրության։
Բլից հարցեր
Պատասխանում ենք կարճ և արագ
-Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
-Եկա, տեսա, հաղթեցի։
-Սիրածդ աֆորիզմը:
-Ռիսկը գործի կեսն է։
-Սիրելի զբաղմունքդ:
-Ձիասպորտ։
-Խորհուրդ, որը կտայիր…
-Սիրի՛ր ինքդ քեզ։
-Դու կին ոստիկան ես և…
-․․․և հպարտ հայուհի։
- Իսկ վերջում․․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)
-Ինչ գեղեցիկ է մեր տիկին Խերանյանը։
Հարցազրույցը վարեց ոստիկանության
կապիտան Մարի Խերանյանը