ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երկրորդ հոսքի ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկելու է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երկրորդ հոսքի հինգամսյա ուսուցումը:
Ուսուցմանը ներգրավվող դասընթացավարների ընտրության համար հայտարարվում է բաց մրցույթ, որը կանցկացվի երկու փուլով՝
- Փաստաթղթերի ընդունում՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 24-ը,
- Հարցազրույցի անցկացում՝ 2021 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 15-ը:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել դասավանդվող առարկայի (մոդուլի) բնագավառին համապատասխանող մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող անձինք:
Մրցույթով անցած դասընթացավարների վարձատրությունը կկազմի 6000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) 80 րոպե տևողությամբ մեկ ուսումնական պարապմունքի համար (երկու ակադեմիական ժամ), իսկ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեջ մտնող դասընթացավարներին սահմանված կարգով կտրվի հավելավճար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը (համաձայն Հավելված 1-ի) մեկ միասնական PDF ֆայլի տեսքով միաժամանակ ներկայացնել հետևյալ երկու էլեկտրոնային փոստի հասցեներով՝ patroltraining@yahoo.com և patrol@moj.am:
Դիմումում (Հավելված 2) կարող եք նշել մեկից ավելի մոդուլ (առարկա)՝ ըստ Հավելված 3-ում նշված ցանկի:
Ոստիկանության ծառայողները դիմումի փոխարեն պետք է նշված էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացնեն նույն բովանդակությամբ զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատող չհանդիսացող ոստիկանության ծառայողների զեկուցագրում պետք է բովանդակվի նրանց ստորաբաժանման ղեկավարի մակագրությունն այն մասին, որ վերջինս չի առարկում զեկուցագրի ներկայացմանը:
Եթե մասնակցել եք ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների առաջին հոսքի ուսուցման դասընթացավարների բաց մրցույթին, ապա բավարար է ներկայացնել միայն դիմումը՝ առանց մյուս պահանջվող փաստաթղթերի (բացառությամբ այն դեպքերի, եթե փոփոխվել են անձը հաստատող փաստաթղթերը) և դիմումի մեջ նշել, որ պահանջվող փաստաթղթերը ներկայացրել եք առաջին մրցույթին մասնակցելու ժամանակ:
Հավելված 4-ում անհրաժեշտ է ներկայացնել ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականը, որպեսզի հանցազրույցի հանձնաժողովը հնարավորություն ունենա նախնական պատկերացում կազմել Ձեր կողմից առաջարկվող դասավանդման մեթոդիկայի մասին:
Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37410770981 և +37410594028 հեռախոսահամարներով:
Սիրով սպասում ենք ձեր դիմումներին: