Վերադառնալ
18.07.2022

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սույն թվականի հուլիսի 18-ին ընդունող հանձնաժողովի նիստում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները։    

         Իգական սեռի դիմորդների համար նախապես հայտարարվել էր 181 տեղ, սակայն ընդունելության ստուգումներից դրական միավորներ և հարցազրույցի փուլում դրական եզրակացություն են ստացել իգական սեռի 19 դիմորդներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, և հիմք ընդունելով զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության պետի թույլտվությունը, ընդունող հանձնաժողովի որոշմամբ իգական սեռի դիմորդների համար հայտարարված և թափուր մնացած 162 տեղերը հատկացվել են համապատասխան մարզերի հայտերով դիմած արական սեռի դիմորդներին: 

            Արդյունքում մրցութային 606 տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

1)    136 տեղը Տավուշի մարզի համար (134 տեղը արական սեռի, իսկ 2 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար), 

2)   115 տեղը Արագածոտնի մարզի համար (108 տեղը արական սեռի, իսկ 7 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար),    

3)   197 տեղը Կոտայքի մարզի համար (188 տեղը արական սեռի, իսկ 9 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար),

4)   158 տեղը Գեղարքունիքի մարզի համար (157 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար):                        

Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ ընդունելության ստուգումներից դրական միավորներ և հարցազրույցի փուլում դրական եզրակացություն է ստացել 771 դիմորդ, որոնցից 136-ը, ըստ նշված հայտերի, անցել են Տավուշի մարզի մրցույթով, 115-ը՝ Արագածոտնի մարզի մրցույթով, 197-ը՝ Կոտայքի մարզի մրցույթով, իսկ 123 դիմորդ համալրել է Գեղարքունիքի մարզի համար սահմանված տեղեր:

Արդյունքում, հարցազրույցի փուլում դրական եզրակացություն ստացած 200 դիմորդներ չեն անցել իրենց նշած մարզերի (Տավուշ, Արագածոտն կամ Կոտայք) մրցույթով, իսկ Գեղարքունիքի մարզի համար սահմանված 35 տեղեր մնացել են թափուր:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:  

Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է հուլիսի 19-ին, ժամը 9։30-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ պայմանագիր կնքելու համար։

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում:     

Ըստ սահմանված կարգի՝ Տավուշի, Արագածոտնի և Կոտայքի մարզի մրցույթով չանցած դիմորդները, ցանկության դեպքում, կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:

Լրացուցիչ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող դիմորդները (ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող, այնպես էլ՝ ոստիկանության ծառայող հանդիսացող) պետք է հուլիսի 19-ին կամ 20-ին, ժամը 9։30-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ դիմումը տեղում գրելու համար։

Լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումների հիման վրա ընդունող հանձնաժողովը կամփոփի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթի արդյունքները, և թափուր տեղերը կհամալրեն ընդհանուր մրցույթով չանցած այն դիմորդները, ովքեր ունեն առավել բարձր միավորներ: Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պաշտոնական կայքում: