Ոստիկանության ոլորտի բարեփոխումներ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարել է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակներում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար
ՀՀ կառավարությունը 2019թ.-ի դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, ինչը հաստատվեց ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:
Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:
Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-սովորող» փոխհարաբերությունները: Այս ամենին զուգահեռ կարևոր է նաև Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցման կազմակերպումը:
Ընտրության գործընթացը.
- Պարեկային ծառայության համար ուսուցումն անցկացնող դասընթացավարների մրցույթ (մայիսի 25 - օգոստոսի 10),
- Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով, 2 փուլով՝ փաստաթղթերի ընդունում (մայիսի 25 - հուլիսի 20) և հարցազրույց (հուլիսի 25-31` հարցազրույցի անցկացում, օգոստոսի 1-10՝ հարցազրույցի արդյունքների ամփոփում),
- Առաջին փուլում տեղի կունենա փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ երկրորդ փուլում՝ հարցազրույց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հետ,
- Ընտրված դասընթացավարները անցնելու են TOT/դասընթացավարների յոթօրյա առցանց վերապատրաստում:
Ովքեր կարող են դիմել և այլ օգտակար տեղեկություններ.
- Պարեկային ծառայության ուսուցման մեկնարկ (սեպտեմբերի սկիզբ՝ 5 ամիս տևողությամբ),
- Առարկայացանկն ու ժամերը կցվում են (Հավելված 1),
- Անհրաժեշտ որակավորում՝
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում և տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ
- ռուսերենի կամ անգլերենի իմացություն (ազատ հաղորդակցման մակարդակ)
- Պահանջվող հմտություններ՝
- Ժամանակակից ուսուցման մեթոդների տիրապետում,
- Հաղորդակցության հմտություններ,
- Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կցված է (Հավելված 2),
- Դիմումի ձևանմուշը կցված է (Հավելված 3),
- Հավելված 4-ով նախատեսված է ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականի ձևանմուշը, որի հիման վրա գնահատվելու է դասընթացավարի թեկնածուի կողմից առաջարկվող դասավանդման մեթոդաբանությունը:
Վարձատրություն.
- 1 պարապմունքի (2 ակադեմիական ժամ) համար սահմանված է 6000 ՀՀ դրամ վարձատրություն՝ ներառյալ հարկերը (քաղաքացիական անձանց համար):
- Ոստիկանության ծառայող հանդիսացող դասընթացավարների դեպքում վարձատրությունը կապահովվի լրացուցիչ դրամական բավարարմամբ:
Այլ պայմաններ.
Մինչև ուսումնական ծրագրի սկիզբը (2020թ սեպտեմբեր), ընտրված դասընթացավարները մշակելու են այն մոդուլների առարկայական ծրագրերը, որոնց համար դիմել և ընտրվել են:
Դասընթացավարները կանցնեն հատուկ վերապատրաստում՝ պարեկային ծառայողների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունների և մեծահասակների կրթության մոդելների վերաբերյալ, ինչպես նաև կստանան արդյունավետ առարկայական ծրագրերի վերաբերյալ ուղեցույցներ:
Ուսուցման այս գործընթացը ունենալու է շարունակական բնույթ՝ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո նաև մարզերի համար պարեկային ծառայողներ պատրաստելու, ինչպես նաև պարեկային ծառայողների շարունակական վերապատրաստման համար:
Հարցերի համար դիմել՝
+37410 594028; +37410 770981 հեռախոսահամարներով:
Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային հետևյալ երկու հասցեներով՝ patrol@moj.am; info@edupolice.am (խնդրում ենք դիմումներն ուղարկել միանգամից երկու հասցեներով):
Դիմելիս խնդրում ենք հստակ նշել առարկայացանկի այն առարկան, որի համար դիմում եք։
Անհամբեր սպասում ենք Ձեր դիմումներին:
Հավելված 1. Առարկաների /մոդուլների/ ցանկը և ժամաքանակը
Հավելված 2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը