Հայտնի են հեռակա ուսուցման ֆակուլտետի ընդունելության արդյունքները
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով դիմել էր ոստիկանության 123 ծառայող, որից 66-ը` միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ, 57-ը՝ բարձրագույն:
2019 թվականի հոկտեմբերի 17-ին և 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ բարձրագույն կրթության դիմորդների հարցազրույցը, որի ընթացքում նրանց տրվեցին մասնագիտական գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության վերաբերյալ հարցեր:
Միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ դիմորդների համար անդրանիկ քննությունը կայացավ հոկտեմբերի 21-ին Հայոց լեզու առարկայից: Մայրենի լեզվի քննության արդյունքներն ամփոփելուց հետո հոկտեմբերի 23-ին դրական գնահատական ստացած 17 դիմորդ մասնակցեց Հայոց պատմություն առարկայի թեստավորմանը: Նրանցից 16-ը, որոնք պատվով հաղթահարեցին այդ փորձությունը, հոկտեմբերի 25-ին և 26-ին մասնակցեցին ֆիզիկական պատրաստականության քննություններին: Չորս դիմորդ ձախողվեց՝ չկարողանալով հաղթահարել նախատեսված նորմատիվները:
Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետ բակալավրի կրթական ծրագրով ընդունվեց ոստիկանության 35 ծառայող, այդ թվում.
23-ը՝ բարձրագույն կրթությամբ,
12-ը՝ միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ:
Լիահույս ենք, որ ապագա իրավագետները բարձր կպահեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անունը։ Մաղթում ենք հաջողություն: