Վերադառնալ
18.04.2025

Վերապատրաստվում են համայնքային ոստիկանները

Վերապատրաստվում են համայնքային ոստիկանները

   ՀՀ ՆԳ նախարարի 18․02․2025թ․ 1058-Ա հրամանի պահանջներին համապատասխան, համաձայն հաստատված ժամանակացույցի՝ ս․թ․ փետրվարի 28-ից ՀՀ ՆԳՆ կրթհամալիրում յուրաքանչյուր շաբաթ ընթանում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման իրավակարգավորումների ու գործնական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստման դասընթացները՝ մեկ ուսումնական օր տևողությամբ։ Դասընթացավարները  Կրթահամալիրի  ոստիկանական ուսումնական ստորաբաժանման տակտիկական  և տեխնիկական պատրաստականության  ամբիոնի դասախոսներ Արթուր Հակոբյանն ու Վահագն Ֆրանկյանն են։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ՈՈՒ ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնում։   Դասընթացն սկսում է տեսական նյութի մատուցմամբ և շարունակվում գործնական պարապմունքներով։ «Ոստիկանության ծառայողի կողմից ուժային միջոցներ գործադրելը: Ոստիկանության ծառայողի անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցները» թեմայի շրջանակներում ուսումնասիրվող հարցերի թվում են ուժային միջոցները, ուժային միջոցների գործադրման տիրույթում գտնվող անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները, ոստիկանության ծառայողի կողմից ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելն ու ոստիկանության ծառայողի անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցները։ Դասընթացի ավարտին ամրապնդվում են մասնակիցների տեսական գիտելիքները, կատարելագործվում գործնական կարողություններն ու հմտությունները՝ գործող օրենսդրության սահմաններում, ինչպիսիք են՝ ֆիզիկական ուժի գործադրման կարգը, ձեռնամարտի հնարքները, ակտիվ պաշտպանության հատուկ միջոցների գործադրման կարգը, ձերբակալման հնարքները, դիմադրող իրավախախտին մեքենայից դուրս բերելու, ինչպես նաև ոստիկանական մեքենա նստեցնելու կարգը և այլն։

   Արդեն իսկ վերապատրաստվել են ՀՈԳՎ Երևան քաղաքի բաժինների 200-ից ավել ծառայողներ։ Ապրիլի 25-ին կվերապատրաստվեն վերջին՝ 17-րդ խմբի համայնքային ոստիկանները։