«Ընտանիքում բռնության և անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելումը» թեմայով պարապմունք
Ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա. Սահակյանը և ՀՀ ոստիկանության ՀԱԱԳՎ-ի ԱՀ և ԸԲԿ վարչության ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկանության գնդապետ Հ. Բաբայանը Հայաստանի օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոնում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական կրթության 2-րդ կուրսի սովորողների հետ անցկացրին «Ընտանիքում բռնության և անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելումը» մոդուլի գործնական պարապմունքը:
Գործնական պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին այն հանգամանքները, որոնք պատճառ են դառնում ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում անչափահասների հայտնվելուն: Դրանք առավելապես ընտանիք չունեցող, անապաստան մնացած, լքված, մուրացկանությամբ զբաղվող կամ բռնության ենթարկված երեխաներ են, որոնց մոտ ի հայտ են եկել նաև վարքագծի շեղումներ: Սովորողների ուշադրությունը հրավիրվեց այն բանի վրա, որ կենտրոնում տրամադրվում են տարբեր ծառայություններ՝ ոստիկանության իրավական և շտապ արձագանքման, բուժօգնություն, հոգեբանական աջակցություն, հակասթրեսային թերապիա և այլն: Կենտրոնի երեխաների հետ շփվելիս սովորողները դրսևորեցին անչափահասների հետ հաղորդակցման որոշակի հմտություններ, որոնք ձեռք են բերվել մոդուլի դասավանդման ընթացքում:
Սովորողները տեղում համոզվեցին ոստիկանության ծառայողի՝ տվյալ գործընթացում ունեցած առանցքային դերակատարման մեջ: