Երեխաների հարցաքննության համար նախատեսված հատուկ տիկնիկներ՝ ՀՕՖ-ի «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնին»
Հուլիսի 22-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչները՝ պրոռեկտոր Է․ Մարգարյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնում»։
Այցի շրջանակում Կրթահամալիրը կենտրոնին նվիրաբերեց երեխաների հարցաքննության համար նախատեսված հատուկ տիկնիկներ։
Հատուկ տիկնիկները նախատեսված են երեխաների հետ հարցաքննության և հաղորդակցության գործընթացում կիրառելու համար։ Դրանք մասնագետներին հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը երեխաների հետ՝ հաշվի առնելով նրանց տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, նպաստում են երեխայի համար ավելի անվտանգ և վստահելի միջավայրի ձևավորմանը։
Կրթահամալիրը տիկնիկների երկու լրակազմ ստացել էր Չեխիայի Հանրապետության քրեական ոստիկանության և հետաքննության ծառայության բյուրոյի փորձագետներից՝ Կրթահամալիրում իրականացված «18 տարին չլրացած անձի հարցաքննությունը հատուկ սենյակում» թեմայով խորացված վերապատրաստման դասընթացի շրջանակում։
Կարևորելով ստացված մասնագիտական գործիքների նպատակային կիրառումը՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը որոշեց տիկնիկների մեկ լրակազմ փոխանցել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնին», որի գործունեության հիմնական ուղղություններից է երեխաների պաշտպանության և տուժած երեխաների աջակցության ապահովումը։
