ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
18.09.2026

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է հոգեբանական ուղեկցության ծրագիրը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է հոգեբանական ուղեկցության ծրագիրը

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սովորողների՝ ուսումնածառայողական գործունեության ադապտացիայի և հոգեբանական դիմակայունության հմտությունների ձևավորում» խորագրով հոգեբանական ուղեկցության ծրագիրը, որն ընդգրկում է «Ոստիկանական գործ» մասնագիտության 1-ին կուրսի սովորողներին։ Ծրագիրն իրականացնում  են ամբիոնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ն. Նազարյանը և ամբիոնի ավագ դասախոս Մ. Կարապետյանը։

  Հոգեբանական ուղեկցությունը նախատեսված է իրականացնել սովորողների ուսումնառության ողջ ընթացքում, քանի որ մասնագիտական կայացումն ու միջավայրին հարմարվելը շարունակական գործընթաց են։ Ծրագիրը ներառում է չորս ուղղություն՝ ուսումնածառայողական գործունեությանը հարմարում և հոգեախտորոշում, թիմաստեղծում և հաղորդակցություն, ինքնակարգավորում և ինքնախնամք, ինչպես նաև մասնագիտական դիմակայունության ձևավորում։  

   Ծրագրի նպատակն է հոգեբանական աջակցություն ցուցաբերել սովորողին մասնագիտական կայացման գործընթացում առաջացող խնդիրների լուծման հարցում, նպաստել անհրաժեշտ մասնագիտական և անձնային կարողունակությունների ձևավորմանն ու հղկմանը, կառավարել ադապտացիոն գործընթացները, խթանել սովորողի մասնագիտական-հոգեբանական ներուժի լիարժեք իրացումը։ Նախատեսված աշխատանքները կնպաստեն սովորողների մոտ սթրեսակայունության, արդյունավետ հաղորդակցման, խնդիրների կառուցողական լուծման և հոգեբանական դիմակայունության հմտությունների ձևավորմանը և հղկմանը, որոնք էական նշանակություն ունեն ուսումնածառայողական գործունեության համար։

  Հոգեբանական ուղեկցության ծրագրի շրջանակներում սովորողների հետ աշխատանքները նախատեսված են առավելապես թրենինգային հանդիպումների ձևաչափով։ Օրերս արդեն իրականացվել է առաջին թրենինգային հանդիպումը՝ «Ծանոթացում, հոգեբանական պատնեշների հաղթահարում» թեմայով, որի նպատակն էր սկզբնական փուլում մեղմել սովորողների հոգեբանական լարվածությունը և խմբում առողջ փոխհարաբերությունների հիմք ստեղծել։ Հանդիպման ընթացքում սովորողները ներգրավվել են ծանոթացման և թիմային փոխազդեցության վարժություններում, ինչի արդյունքում խմբում ձևավորվել է վստահելի և բաց մթնոլորտ, իսկ հանդիպումն ինքնին արձանագրել է սովորողների ակտիվ մասնակցություն և դրական արձագանք։