Վերադառնալ
27.03.2025

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իրականացնում է ԵՄ Հորիզոն Եվրոպա eNOVATION նախագիծը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իրականացնում է ԵՄ Հորիզոն Եվրոպա eNOVATION նախագիծը

   ԵՄ Հորիզոն Եվրոպա դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իրականացնում է eNOVATION նախագիծը: Այն նպատակ ունի բարելավել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) պատրաստվածության մակարդակը գործընկեր երկրներում, ինչպես նաև զարգացնել միջազգային համագործակցությունն այս ոլորտում: Ծրագրում ներառված են կրթական ու գործնական միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակների կառավարման կարողությունների զարգացմանը: eNOVATION-ը ներառում է 22 գործընկեր 17 երկրներից, որոնց թվում են համալսարաններ, հետազոտական հաստատություններ և վերապատրաստման կենտրոններ։

   Ս․թ․ մարտի 25-26-ը համագործակցության հնարավորությունները, շահառուների դերը, ինչպես նաև ազգային մակարդակում ՔԿՃՄ պատրաստվածության և կարողությունների զարգացման ուղղությունները քննարկելու  համար նախագծի շրջանակներում Կրթահամալիրում կայացել է ծրագրի միջազգային գործընկերների հետ անդրանիկ հանդիպումը:

   Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ միջազգային համագործակցության, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի,  ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման ու քաղաքացիական պաշտպանության վարչությունների, ինչպես նաև Կրթահամալիրի ներկայացուցիչները։

   Մարտի 25-ին՝ մինչև հանդիպման մեկնարկը, Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանն ընդունել է Նախագծի համակարգող թիմի ղեկավար, Բելգիայի Ազգային ճգնաժամային կենտրոնի  միջազգային կապերի բաժնի ղեկավար Իվ Վան Հաութին։

   Օրակարգային հարցերի թվում թե՛ 2026թվականին կայանալիք Վրաստան-Հայաստան սահմանային համատեղ վարժանքի նախապատրաստական աշխատանքներն ու նախնական սցենարի ներկայացումն էր՝ քիմիական գործարանից թունավոր գազի արտահոսքով վթարի դեպքում Հայաստանից ակնկալվող օժանդակությամբ, թե՛ 2025թ. հոկտեմբերին Ուզբեկստանում կայանալիք ԱԻՆ վարժանքը։

   Հանդիպման մասնակիցներին ողջունել են Կրթահամալիրի պրոռեկտորներ Էմիլ Մարգարյանը և Արմինե Հայրապետյանը ու երկօրյա արդյունավետ քննարկումների ընթացքում ներկայացրել գործնական առաջարկներ՝ առանձնապես կարևորելով առաջին արձագանքողների կարողությունների զարգացմանը միտված  կադրերի պատրաստման և վերապատրաստման ուսումնական, կրթական ծրագրերի տեղայնացման հնարավորությունները։

   Հյուրերը նաև շրջայց են կատարել Կրթահամալիրի վարչական տարածքում,  այցելել Լուսակերտի ուսումնական բազա՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, միջազգային ներգրավվածությամբ վարժանքներ անցկացնելու կարողություններին և հնարավորություններին։