Նորություններ

Վերադառնալ
01.06.2018

Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ սովորողին

Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ սովորողին

2018 թվականի մայիսի 30-ին ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդի ակադեմիայում անցկացվել է «Կոռուպցիային հակազդման և տնտեսական անվտանգության ապահովման ստորաբաժանումների գործունեությունը» խորագրով ամենամյա միջազգային ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը, որին նախորդել էր ուսանողների գրավոր աշխատանքների նախընտրական փուլը:   

Մրցույթին մասնակցել է 46 ուսանող, ովքեր ներկայացնում էին ՌԴ ՆԳՆ Մոսկվայի և Սանտկ Պետերբուրգի համալսարանները, ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Օմսկի ակադեմիաները, ՌԴ ՆԳՆ Օրյոլի, Կազանի, Ուֆայի իրավաբանական ինստիտուտները, Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան և ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրից միջազգային ուսանողական մրցույթին մասնակցել է ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Ջուլիետա Կարապետյանը՝ ներկայացնելով «Կաշառքի կամ առևտրային կաշառքի սադրանքի քրեաիրավական բնութագիրը» վերնագրով գիտական աշխատանք: Գիտական աշխատանքը ղեկավարել է քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության մայոր Միսակ Մարկոսյանը:

Մրցույթի 18 մասնակիցներ անցել են եզրափակիչ փուլ: Նրանց շարքում էր նաև Ջուլիետա Կարապետյանը, ով 2018 թվականի մայիսի 30-ին ուղիղ տեսակապի միջոցով մասնակցել է մրցույթի եզրափակչին՝ հանդես գալով գիտական զեկուցմամբ: Մրցութային հանձնաժողովի կազմում էին ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդի ակադեմիայի և ՌԴ ՆԳՆ կոռուպցիային հակազդման և տնտեսական անվտանգության գլխավոր վարչության ներկայացուցիչները:

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ Ջուլիետա Կարապետյանը 46 մասնակիցների շարքում ճանաչվել է մրցույթի գրավոր փուլի հաղթող, իսկ բանավոր փուլում 18 մասնակիցների շարքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: