Կրթահամալիրը հյուրընկալեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ոստիկանական կցորդին
Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, Միջազգային համագործակցության և ՏՏ տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը, նույն բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Կարինե Սաֆարյանն ընդունեցին Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ոստիկանական կցորդ Դիեդրիխ էբերսին։
Մ․Մարկոսյանը ներկայացրեց Կրթահամալիրի կառուցվածքը, գործունեությունը, իրականացվող կրթական ծրագրերը, դիմորդների ընդունելության կարգը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ոստիկանական ուսումնական հաստատությունների հետ փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։
Դ․Էբերսն իր հերթին նշեց, որ իր այցի նպատակն է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ոստիկանական ուսումնական հաստատությունների և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև համագործակցության շոշափելի եզրեր գտնել։ Վերջինս նաև հանդես եկավ մոտ ապագայում առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտների վերաբերյալ դասընթացներ անցկացնելու առաջարկով։ Հանդիպման ավարտին նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ աշխատանքներին։
Քննարկմանը հետևեց շրջայց Կրթահամալիրի տարածքում, փորձակայաններում, կրիմինալիստիկայի լսարաններում, մարզասրահում և ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում։