Վերադառնալ
16.06.2023

Միջազգային գիտագործնական համաժողով

Միջազգային գիտագործնական համաժողով

    Հունիսի 15-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ «Կիբերհանցավորության դեմ պայքարի քրեաիրավական, քրեադատավարական և քրեաբանության հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողովը։

 Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը՝  ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում իրավապահ համակարգի արդի հիմնախնդիրներից է կիբերհանցավորության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը։ Նա վստահեցրեց, որ գիտական զեկույցներն ու քննարկումները  կնպաստեն այդ հիմնախնդրի խորքային ուսումնասիրմանը։

ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Դմիտրի Տիշինը ևս ողջունեց մասնակիցներին ու համաժողովի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց նման կարևոր թեմային անդրադառնալու համար։

Կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված համաժողովին առցանց եղանակով մասնակցում էին ՌԴ ՆԳՆ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի, Ռոստովի իրավաբանական ինստիտուտի, Վ․ Յա․ Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի, Օրյոլի իրավաբանական ինստիտուտի, Սիբիրի իրավաբանական ինստիտուտի, Կրասնոդարի համալսարանի, Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի ներկայացուցիչները։ ՀՀ ներկայացնում էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ  Գևորգ Իսրաելյանը և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ  և կրիմինալիստիկայի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Լուսինե Սարդարյանը։

Ելույթներն ընդգրկում էին այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ԱՊՀ երկրներում կիբերհանցավորության դեմ պայքարի իրավական հիմքերը, քրեական դատավարությունում կիրառվող թվային տեխնոլոգիաները, կիբերվիկտիմոլոգիայի հասկացությունը և առանձնահատկությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վիրտուալ աշխարհում և դրա դեմ պայքարի միջազգային փորձը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող խարդախությունը, կիբերհանցագործությունների քննության ընթացքում  իրականացվող քննչական գործողությունները և այլ հիմնահարցեր։

Զեկույցներն ընթանում էին  ակտիվ քննարկումներով և մտքերի փոխանակմամբ։

Գիտաժողովն ամփոփեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ի.․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց արդյունավետ և ընդգրկուն զեկույցների ու քննարկումների համար՝ նշելով, որ դրանք տեղ կգտնեն Կրթահամալիրի գիտական հանդեսում։