Նորություններ
ՎերադառնալՄիջազգային փորձի փոխանակման շրջանակներում դասախոսություններ կրթահամալիրում
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի միջև կնքած համագործակցության արձանագրության շրջանակներում սեպտեմբերի 17-ից 20-ը կրթահամալիրում էին ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի ՆԳԲ վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ալեկսանդր Ալեկսանդրի Զատոլոկինը և ՆԳԲ վարչական գործունեության ամբիոնի պրոֆեսսոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեկսեյ Նիկոլայի Ժերեբցովը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման նպատակով Ալեկսանդր Զատոլոկինի և Ալեկսեյ Ժերեբցովի կողմից անցկացվեց «Վարչական ընթացակարգերը ՆԳԲ գործունեության մեջ և սովորողների ուսուցման պրակտիկայի կատարելագործում» թեմայով դասախոսություն:
Հյուրերին դիմավորեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Վերջինիս ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքում, հարգանքի տուրք մատուցեցին Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, իրականացվող կրթական, ինչպես նաև հեռանակարային ծրագրերին:
Հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «Ծիծեռնակաբերդ» անմար կրակի մոտ, եղան Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում:
Նման կրթական միջոցառումների իրականացումը միտված է ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակման հետագա ծրագրերի մշակմանը և հերթական անգամ ապացուցում է ուսուցման պրակտիկայի կատարելագործման անհրաժեշտությունը: