Նորություններ
Վերադառնալ«Ահաբեկչությունը՝ հասարակության սպառնալիք» թեմայով դասընթաց Կրթահամալիրում
2017թ. դեկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Ահաբեկչությունը՝ հասարակության սպառնալիք» թեմայով դասընթաց: Դասընթացը անցկացրեց ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի պետի միջազգային համագործակցության գծով օգնական, ոստիկանության փոխգնդապետ Ալեկսեյ Վլադիմիրի Գիրինը:
Կարևորելով թեմայի արդիականությունը՝ մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին ծայրահեղական և ահաբեկչական գաղափարների տարածման կանխարգելմանն ուղղված կազմակերպչական միջոցառումների, ինչպես նաև ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ծայրահեղականության և ահաբեկչության հակազդման կատարելագործմանն առնչվող հարցեր: Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց թեմայի շրջանակներում կազմակերպել քննարկումներ, ինչպես նաև դիտել համապատասխան վավերագրական ֆիլմեր և մասնագիտական որակավորումը բարձրացնող տեսանյութեր:
Դասընթացին մասնակցում էին ՀՀ ոստիկանության թվով 40 աշխատակիցներ, ովքեր ցուցաբերեցին ողջունելի ակտիվություն և դասընթացի ավարտին գոհունակություն հայտնեցին կազմակերպիչներին նման արդիական թեմայով դասընթաց կազմակերպելու համար: Վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին ավարտական սերտիֆիկատներ:
Ալեկսեյ Գիրինը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության մարմինների մասնագետների պատրաստման, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի միջև համագործակցության զարգացման գործում ներդրման համար պարգևատրվեց պատվոգրով: Պատվոգիրը հանձնձեց Կրթահամալիրի պետի տեղակալ ծառայության գծով, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Գալստյանը:
Այցի շրջանակներում անցկացվեցին նաև մշակութային միջոցառումներ, մասնավորապես այցելություն Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ։