Հաղթում են լավագույնները
«Հիմնավոր գիտելիքով դեպի արժանապատիվ ծառայություն»։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող առաջնորդվում է այս կարգախոսով, և նրանց՝ կրթության նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը գնահատվում է կրթահամալիրի ղեկավարության կողմից։
2019թ․ հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի շարահրապարակում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ «Լավագույն սովորող» մրցույթի արդյունքների ամփոփումը։
Այսպես, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը հայտարարեց մրցույթի հաղթողների անունները։
1․ Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման երրորդ կուրսի երկրորդ դասակի սովորող Լիլիյա Հովակիմյան,
2․ Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման չորրորդ կուրսի երկրորդ խմբի սովորող Դավիթ Խաչատրյան,
3․ Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի երկրորդ կուրսի սովորող Լիանա Հարությունյան։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը հաղթող ճանաչված սովորողներին հանձնեց հուշամեդալները՝ ողջույնի խոսք հղելով նրանց․
- Ձեզ համար սա լուրջ ձեռքբերում է և, փա՛ռք ձեզ, եթե պահպանեք այդ կոչումը, իսկ մյուս սովորողներին հորդորում եմ ջանասիրաբար սովորել և մյուս տարի նույնպես դառնալ լավագույններից մեկը։