Վերադառնալ
02.05.2023

ԹՈՓՔՈՓ ծրագրի պատասխանատուների հերթական հանդիպումը Վարշավայում

ԹՈՓՔՈՓ ծրագրի պատասխանատուների հերթական հանդիպումը Վարշավայում

     Ապրիլի 25-26-ը Lեհաստանի Վարշավա քաղաքում տեղի ունեցավ ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում վերապատրաստում և գործառնական համագործակցություն» (TOPCOP)  ծրագրի պատասխանատուների հերթական աշխատաժողովը: 

Մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը, ով  CEPOL-ի փոխանակման ծրագրի ազգային համակարգողն ու TOPCOP ծրագրի 3-րդ բաղադրիչի պատասխանատուն է, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Սարգիս Ղալթախչյանը։

Թեմատիկ աշխատաժողովի նպատակն էր կարողությունների հզորացման համատեքստում իրականացնել ԵՄ արդարադատության և ներքին գործերի մարմինների և Արևելյան գործընկերության երկրների միջև միջազգային համագործակցության զարգացման վերաբերյալ լավագույն փորձի փոխանակում՝ միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով գործնականում ԵՄ Արդարադատության և ներքին գործերի մարմինների փորձագետներից և պրակտիկ աշխատակիցներից սովորելու, թե ինչպես են Հանցավոր սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական բազմամասնագիտական հարթակի (EMPACT) շրջանակում իրականացվում համագործակցությանն ուղղված աշխատանքները։

Միջոցառումն այս անգամ անցկացվեց ընդլայնված կազմով՝ ընդգրկելով նաև Հանցավոր սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական բազմամասնագիտական հարթակի (EMPACT) շրջանակում ԵՄ անդամ երկրների՝ մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության ոլորտների պատասխանատուներին։ Ներկա էին նաև Եվրոպոլի, ԵՄ արտաքին սահմանների կառավարման եվրոպական գործակալության (FRONTEX),  ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (EUROJUST), Թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (EMCDDA) ներկայացուցիչները, ծրագրի շահառու երկրների՝ վերը նշված ոլորտների մասնագետները։

Բացման խոսքով հանդես եկավ CEPOL-ի միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ալեքսանդրու Նիկուլիտան։ Ողջունելով ներկաներին՝ վերջինս ընդգծեց ծրագրի  պատասխանատուների աշխատաժողովների կարևորությունը, ինչը թույլ է տալիս ժամանակին քննարկումներ ունենալ շահառու երկրների ընթացիկ կարիքների և համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Այնուհետև ելույթ ունեցավ CEPOL-ի միջազգային համագործակցության վարչության ղեկավարի տեղակալ Գաբոր Քեմենին և ներկայացրեց գործակալության 2023-2027թթ. ռազմավարությունը։ Ըստ այդ ռազմավարության՝ այն հավակնում է դառնալ իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման և մասնագիտական ցանցերի ԵՄ կենտրոնը՝ միաժամանակ խթանելով իրավապահ մարմինների միասնական մշակույթի ձևավորումն ու զարգացումը։ Պարոն Քեմենին իրավապահ մարմինների աշխատակիցների համար նեկայացրեց նաև այն թեմատիկ ոլորտները, որոնց վերաբերյալ կանոնավոր կերպով կազմակերպվում են կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացներ։

Ելույթներ ունեցան նաև Եվրոպոլի և FRONTEX-ի աշխատակիցները՝ ներկայացնելով Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ընթացիկ վիճակը։

Ելույթներին հաջորդեց առաջին պանելային քննարկումը՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգին և ապօրինի միգրացիային, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի ոստիկանության ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպոլի և EMPACT-ի՝ մարդկանց թրաֆիքինգի գծով ֆրանսիայի համապատասխանատուն։

Սարգիս Ղալթախչյանը ներկայացրեց ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի իրավիճակը, հիմնական միտումները, թվային վիճակագրությունը և կոնկրետ դեպքերի օրինակներ։ Մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարին վերաբերող այլ հարցերին պատասխանեց Կրթահամալիրի ներկայացուցիչը։

Աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությանը։ Համապատասխան ելույթներով հանդես եկան անդամ երկրներում հանցավորության նշված ոլորտների EMPACT-ի պատասխանատուները։

Թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ երկրորդ պանելային քննարկմանը մասնակցում էին Ուկրաինայի, Ադրբեջանի, Եվրոպոլի, FRONTEX-ի, EUROJUST-ի ներկայացուցիչները։

Երրորդ պանելային քննարկման թեման զենքի ապօրինի շրջանառությունն էր։ Քննարկմանը մասնակցեցին Եվրոպոլի, FRONTEX-ի, Իսպանիայի, Բելգիայի, Մոլոդավայի ոլորտի պատասխանատուները։

Երկօրյա աշխատաժողովը եզրափակվեց EMPACT-ի շրջանակում Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության վերաբերյալ խմբային քննարկումներով և ելույթներով։ Հայաստանի պատվիրակության քննարկումների արդյունքները ներկայացրեց Կարինե Սաֆարյանը։

ԹՈՓՔՈՓ ծրագրի շրջանակում նախատեսվում է ծրագրի պատասխանատուների ցանցի կարողություններն ընդլայնել՝ վերափոխելով այն EMPACT-ի աջակցության ցանցի։