Լիտվայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր
Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Լիտվայի Հանրապետության ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելան, Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսարի տեղակալ Արունաս Պաուլաուսկասը, Միջազգային համագործակցության վարչության ղեկավար, ավագ կոմիսար Ալինա Կոլեսնիկը, Ակտիվների կառավարման վարչության ղեկավար, ավագ կոմիսար Ռենալդաս Ժեկոնիսը: Պատվիրակության շարքում էր նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Տոլոցկիենեն:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը լիտվացի գործընկերներին ծանոթացրեց Ակադեմիայի, քոլեջի, ուսումնական կենտրոնի աշխատանքներին, ուսումնական ծրագրերին:
Հյուրերը շրջայց կատարեցին Կրթահամալիրի տարածքով, այցելեցին փորձակայաններ, որտեղ Կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Սեմերջյանն այցելուներին ներկայացրեց փորձակայաններում իրականացվող դասընթացների և գործնական պարապմունքների մասին: Հյուրերը հետևեցին նաև բանկի մասնաճյուղի վրա հարձակման և հանցագործների վնասազերծման ուսումնական դասընթացին:
Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու պարեկային ծառայության սովորողների՝ մեքենայի կանգնեցման և զինված իրավախախտների վնասազերծման գործնական վարժախաղին:
Լիտվացի գործընկերներն այցելեցին քրեագիտության հատուկ լսարաններ, որտեղ Կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Լուսինե Սարդարյանը ծանոթացրեց դասավանդման յուրահատկություններին և գործնականում կիրառվող փորձագիտական սարքավորումներին:
Հյուրերը եղան նաև ֆիզիկական պատրաստականության դահլիճներում, որտեղ Քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց դասավանդվող ուսումնական թեմաները, ինքնապաշտպանության ու ուժի կիրառման ձևերը:
ՀՀ ոստիկանության թանգարանում այցելուները ծանոթացան նաև ոստիկանության պատմության տարեգրությանն ու ոստիկանական արժեքավոր ցուցանմուշներին: