Հանդիպում քոլեջի առաջին կուրսի սովորողների հետ
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի Շ․ Շահամիրյանի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում քոլեջի առաջին կուրսի սովորողների հետ։ Հանդիպմանը ներկա էր Կրթահամալիրի ու քոլեջի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի գլխավորությամբ։
Մ․ Մուրադյանը շնորհավորեց սովորողներին Կրթահամալիր ընդունվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն կրթական և ուսումնական տարիներ․ «Կրթահամալիրի ղեկավարությունն անում է հնարավորինս ամեն բան, որ ուսումնական գործընթացը լինի արդյունավետ ու բարեհաջող»։
Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․ Մարկոսյանն էլ ներկայացրեց կրթական գործընթացի այն բոլոր նրբությունները, որոնք ուսումը կդարձնեն էլ ավելի հիմնավոր ու արդյունավետ։
Հանդիպման ավարտին Մ․ Մուրադյանը զրուցեց սովորողների հետ, ծանոթացավ նրանց ոստիկանական ուղին ընտրելու նպատակին ու սպասելիքներին։