Հասարակության ընկալման գնահատման չափանիշների լիտվական փորձը
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների համար Կրթահամալիրում հանդիպում անցկացրին Լիտվայի Հանրապետության ՆԳՆ որակի ապահովման և ծրագրերի կառավարման բաժնի ավագ խորհրդատու Էգլ Վիլեկիենեն ու ԵՄ «Իրավապահ համակարգի և անվտանգության աջակցման բարեփոխումներ» ծրագրի խմբի ղեկավար Թոմաս Բիքմանասը։
Հանդիպումը նախաձեռնվել էր ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխուիմներ» ծրագրի շրջանակներում։
Հանդիպման թեման հատկապես առնչվում էր ծրագրի ենթակետերից մեկին՝ «Հասարակության ընկալման գնահատման չափանիշների մշակում»-ին։
Թոմաս Բիքմանասը, ողջունելով ներկաներին, նշեց, որ բարեփոխումների այս ծրագիրը շատ կարևոր է նաև հասարակության հետ կապերն է՛լ ավելի ամրացնելու համար։ Նա ներկայացրեց եվրոպական փորձը և ասաց, որ հանդիպման գաղափարն իրենց փորձառությամբ կիսվելն է։
Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ Լիտվայի ՆԳՆ ներկայացուցիչ Էգլ Վիլեկիենեն։ Նա մանրամասնորեն նկարագրեց հասարակության ընկալման գնահատման չափանիշների լիտվական փորձը, խոսեց հանրային հարցումներ անելու կարևորության, առանձնահատկությունների մասին և օրինակներ բերեց հասարակական ընկալումների գնահատման եղանակների վերաբերյալ։
Հանդիպումը լի էր ակտիվ քննարկումներով, զրույցներով և կարծիքների փոխանակումներով։