ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
27.11.2026

«Միգրացիայի ռիսկերի կառավարում» ուսուցման ծրագրի մշակմանն ուղղված աշխատանքային քննարկում

«Միգրացիայի ռիսկերի կառավարում» ուսուցման ծրագրի մշակմանն ուղղված աշխատանքային քննարկում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Այս համատեքստում կազմակերպվել է մասնագիտական քննարկում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի մասնակցությամբ՝ նվիրված «Միգրացիայի ռիսկերի կառավարում» ուսումնական մոդուլի շրջանակներում աշխատակիցների համար նախատեսված ուսումնական նյութի բովանդակության մշակմանը, որին մասնակացել են նաև Կրթահամալիրի ռեկտոր Մ. Մուրադյանը և պրոռեկտոր Է․ Մարգարյանը։

   Քննարկման ընթացքում Ն․Դավթյանը Կրթահամալիրի դասախոսական կազմի համար ներկայացրել է մոդուլի ընտրության նպատակն ու դրա գործնական նշանակությունը՝ անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության առանձնահատկություններին, միգրացիոն գործընթացների կառավարման հիմնական ուղղություններին, ինչպես նաև աշխատակիցներից ակնկալվող մասնագիտական գիտելիքներին և գործնական հմտություններին։ Քննարկվել են միգրացիոն գործընթացների կառավարման արդի առանձնահատկությունները, ոլորտում առկա ռիսկերը, դրանց բացահայտման, գնահատման և կանխարգելման մոտեցումներն ու ռիսկերի արդյունավետ կառավարման մեխանիզմները։

   Հանդիպումը մասնագիտական քննարկման և փորձի փոխանակման արդյունավետ հարթակ էր, որը դասախոսներին հնարավորություն ընձեռեց անմիջականորեն ծանոթանալու ոլորտի գործնական խնդիրներին, խորացնելու միգրացիոն ռիսկերի վերաբերյալ իրենց գիտելիքները և ուսումնական նյութի մշակման ընթացքում հաշվի առնելու ոլորտային առանձնահատկություններն ու արդի պահանջները։