Վերադառնալ
02.05.2023

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

     Ապրիլի 28-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ գիտագործնական հերթական քննարկումը, որը նվիրված էր «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դատական նախադեպերի ընդունման և կիրառման առանձնահատկությունները ՀՀ քաղաքացիական դատավարությունում» թեմային: Միջոցառումը կազմակերպել էր Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Մ. Մարկոսյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Գ. Գրիգորյանը, կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան Տ. Խաչատրյանը, հրավիրված մասնագետ, փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարություն Ակլունցը, դասախոսական կազմի ներկայացուցիչներ և տարբեր կուրսերի սովորողներ:

Զեկույցներով հանդես եկան քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Լ. Թասալյանը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում նախադեպերի ընդունման և կիրառման կարգը» թեմայով, ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կուրսի սովորող Սերգեյ Բադալյանը՝ «Դատական նախադեպերի կիրառման առանձնահատկությունները ՀՀ քաղաքացիական դատավարությունում» թեմայով, ակադեմիայի վճարովի 3-րդ կուրսի սովորող Լիա Բեգլարյանը՝ «Դատական նախադեպերի ընդհանուր բնութագիրը միջազգային և ներպետական իրավունքում» թեմայով:

Զեկուցումների արդյունքում ծավալվեց ակտիվ քննարկում, բանախոսներին տրվեցին մի շարք հարցեր, որոնք մեկնաբանվեցին ՀՀ ներպետական վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի նախադեպային վճիռների կիրառման համատեքստում:

Նշենք, որ գիտագործնական նման միջոցառումներն իրականացվում են կրթահամալիրի գիտական խորհրդի կողմից 31.01.2022թ. թիվ 1 նիստում հաստատված «Գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման, կազմակերպման և անցկացման կարգ»-ի և կրթահամալիրի պետի  հաստատված ժամանակացույցի հիման վրա: