Վերադառնալ
02.02.2023

ՀԴԲ ներկայացուցիչների այցը Կրթահամալիր

ՀԴԲ ներկայացուցիչների այցը Կրթահամալիր

      Փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կցորդի տարածաշրջանային գրասենյակի  տեղակալ Կևին Օրկինին,  ՀԴԲ  գործակալ Թոդ Գուդսոնին, ՀԴԲ կցորդի տարածաշրջանային գրասենյակի աշխատակից Ռաշել Մկդերմոտին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանին։

Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը։ Ներկա էին նաև Կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Դավթյանը, նույն բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կ․ Սաֆարյանը։

«Քաղաքավարության այցի» նպատակն էր ծանոթանալ Կրթահամալիրի կառուցվածքին, կրթական ծրագրերին, առանձնահատկություններին, ՀԴԲ Ազգային ակադեմիան վերջերս ավարտած ոստիկանության կապիտան Ա․ Ղուկասյանի տպավորություններին, ոստիկանության կրթական ասպարեզում արված առաջարկներին ու հեռանկարային ծրագրերին։

ՀԴԲ և ԹՊԻՀ ներկայացուցիչները ճանաչողական այց կատարեցին Կրթահամալիրի փորձակայան, մարզադահլիճ, քրեագիտության լսարաններ, որտեղ ծանոթացան գործնական պարապմունքների անցկացման եղանակներին, մեթոդներին ու սարքավորումներին։ Եղան նաև ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում՝ ծանոթանալով ոստիկանության հարուստ անցյալին։

Հանդիպումը շարունակվեց նիստերի դահլիճում, որտեղ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի համար և ընդգծեց միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը․ «ՀԴԲ-ն նույնպես դասվում է այն գործընկերների շարքին, որոնք մեծ օժանդակություն են ցուցաբերել Կրթահամալիրի կարողությունների  զարգացմանը»։ Մ․ Մուրադյանը նաև հավելեց, որ Կրթահամալիրի ուսումնական ծրագրերի շարունակական կատարելագործման արդյունքում այլ գերատեսչությունների ուսումնական հաստատությունները ևս դիտարկում են դրանք որպես օրինակ։

ՀԴԲ կցորդի գրասենյակի տեղակալ Կևին Օրկինն էլ իր հերթին հայտնեց իր շնորհակալությունը ջերմ ընդունելության համար և նշեց, որ ՀԴԲ կցորդի գրասենյակը պատրաստակամ է շարունակական համագործակցության համար։ Հանդիպման ավարտին Կրթահամալիրի միջազգային համագործակցության  և ՏՏ ներդրման բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան Ա․ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության, Կրթահամալիրի, ԹՊԻՀ և ՀԴԲ գրասենյակի ղեկավարություններին՝ նման կարևոր ծրագրին մասնակցելու հնարավորության համար, ներկայացրեց այն բոլոր առաջարկները, որոնք պատրաստակամ է իրականացնել ԱՄՆ  ՀԴԲ ազգային ակադեմիայում ձեռք բերած փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով։